«Իրանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում տարածաշրջանի երկրների հետ, յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները ձևավորում է իր շահերի  հիման վրա». Քաղաքական մեկնաբան

168.amը զրուցել է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի հետ

– Պարոն Շահմուրադյան, պատերազմից անցել է երեք ամիս,  պատերազմից հետո հայ-իրանական հարաբերություններում զարգացումներ տեսնո՞ւմ եք, դեպի ո՞ւր է գնում հայ-իրանական հարաբերությունները։

– Արցախյան 44-օրյա պատերազմից և 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարության, իսկ այնուհետև՝ 2021թ. հունվարի 10-ին Մոսկվայում կայացած եռակողմ համաձայնագրի  ստորագրումից հետո, իրոք մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն՝ կովկասյան տարածաշրջանում, այլև՝ Հայաստանի քաղաքական ներքին կյանքում, ինչպես նաև  Հայաստանի ու հարևան թե՛ բարեկամ, և թե՛ թշնամի երկրների հարաբերություններում:

Ակնհայտ է, որ պատերազմի ավարտից մոտ երեք ամիս անց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի կատարած այցը Արցախյան պատերազմում ներգրավված տարածաշրջանի  երկրներ և Հայաստան  վկայում է այն մասին, որ Իրանը փորձում է հետպատերազմյան շրջանում ստեղծված համեմատական անդորրն օգտագործել իր ռազմավարական և տնտեսական ներկայությունը հաստատելու Հայաստանում և Ադրբեջանում: Կասկած չկա, որ ամրապնդելով Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերը, Իրանը փորձում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական և տրանսպորտային նախագծերին մասնակցելու ընթացքում ծառայություններ մատուցել Ադրբեջանին, որպեսզի կարողանա իր աշխարհաքաղաքական կորցրած դիրքերը վերականգնել Կովկասյան տարծաշրջանում: Սակայն այդ նպատակներին հասնելու համար նախևառաջ՝ հարկավոր է պահպանել Հայաստանի հետ  իր բարեկամական և առևտրային հարաբերությունները և պատերազմից հետո Հայաստանի հետ մնացած ավելի նեղ, սակայն բաց սահմանը՝ որպես միակ ցամաքային դարպաս դեպի ԵԱՏՄ անդամ երկրների,  հատկապես՝ Ռուսաստանի շուկաներ:

Արցախյան պատերազմից հետո մենք ականատես եղանք, որ Իրանն ու Հայաստանը նախաձեռնել են կառուցողական առաջին քայլերը՝ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Այդ մասին վկայում է առևտրատնտեսական մեծ պատվիրակության գլխավորելով՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այցը Իրան և դրան անմիջապես հաջորդող՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրի մասնակցությամբ Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի բացումը Երևանում: ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է.

«Այս կենտրոնի բացման հիմնական նպատակն իրանական արտադրանքը Հայաստանյան շուկայում ներկայացնելն է»: Սա ինքնին վկայում է այն մասին, որ պատերազմից հետո հայ-իրանական հարաբերություններում դրական զարգացումներ և տեղաշարժեր են տեղի ունենում, որը կնպաստի երկու երկրի տնտեսական, մշակութային, առևտրական, քաղաքական և տրանսպորտային նախագծերի իրականացմանը և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:

Հայ-իրանական հարաբերությունները զարգացման իրոք մեծ պոտենցիալներ ունեն, և ստեղծված պայմաններում պետք է կողմերը, մասնավորաբար՝ հայկական կողմն աչալրջորեն փորձեն առավել խորացնել բոլոր ոլորտներում համագործակցություններն ու կապերը:

– Իրանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանն անդամակցելու է ԵԱՏՄ-ին, ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց, և Իրանի անդամակցությունն այդ տնտեսական միությանն ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական տնտեսական հարաբերությունենրի վրա։

– 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակը մեծ հույսերի դուռ էր բացել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հարող  չափավոր իշխանական ուժերի համար՝ Իրանի միջուկային ծրագրի ու պատժամիջոցները չեղարկելու հարցերով նոր բանակցություններ վարել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և վարչակազմի հետ:

Հաշվի առնելով, որ շուրջ երկու-երեք ամիս է մնացել նաև Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին, ուստի Իրանի կառավարությունը փորձում է, նախքան իշխանությունը հաջորդ վարչակազմին հանձնելը, մի կերպ փրկել Համատեղ Գործողությունների Համապարփակ Համաձայնագիրը, որի արդյունքում կարող է պատահել, որ ԱՄՆ-ը կչեղարկի Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինանսական, նավթային պատժամիջոցները:

Այս համատեքստում Իրանը նաև փորձում է տարբեր ոլորտներում ու տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում իր դիրքերն ամրացնել աշխարհի այլ մեծ տերությունների, այդ թվում՝ հատկապես՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, որպեսզի առաջիկայում ԱՄՆ-ի ու Արևմտյան եռյակ պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալով և նվազագույն զիջումների գնալով՝ առավելագույն արդյունքը կարողանա քաղել հավանական պայմանավորվածություններից:

Արդեն հայտնի է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կարևոր անդամ է: Այս միության տնտեսական կարևորությունը տարածաշրջանի և աշխարհի երկրների, այդ թվում` Իրանի համար այնքան մեծ է, որ մեծ թվով երկրներ ցանկություն են հայտնել անդամակցել ԵԱՏՄ-ին: Գաղտնիք չէ,  որ Իրանի մրցակից և գործընկեր Թուրքիան ևս որոշ չափով ցանկանում է անդամակցել կամ իր առևտրատնտեսական կապերն ու համագործակցությունն ամրացնել ԵԱՏՄ-ի հետ, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի հզոր տնտեսությանը՝ իր ներկայությունը հաստատել Ռուսաստանի և Միջին Ասիայի երկրների շուկաներում, և դա անկասկած չի համընկնում Իրանի շահերին, որը մեծ նախագծեր է մշակել՝ ԱՄՆ-ի հետ իր հարցերը կարգավորելուց հետո ակտիվ ներկայություն ունենալ Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, ԵԱՏՄ անդամ երկրների և Պարսից Ծոցի տարածաշրջանի շուկաներում:

Եվրասիական տնտեսական միության առևտուրն աշխարհի  երկրների հետ տարեկան կազմում է շուրջ 850 միլիարդ դոլար, որից 331 միլիարդ դոլարը վերաբերում է  ներմուծման ոլորտին: Իրանի բաժինն այս գումարից կազմում է շուրջ 2,5 միլիարդ դոլար, որից 1,6 միլիարդ դոլարը հատկացվում է ներմուծմանը, իսկ 823 միլիոն դոլարը՝ այս միության անդամ երկրներ արտահանմանը: Իրանի Եվրասիական արտահանման առնվազն 80 տոկոսը կազմում են  գյուղատնտեսական ապրանքներ,  հատկապես՝ հացահատիկ, իսկ Եվրասիա Իրանի արտահանման 68 տոկոսը կազմում է գյուղմթերքը, հատկապես՝ մրգերը և ընկուզեղենը:

Եվրասիան կարևոր շուկա է իրանական, հատկապես՝ գիտելիքահեն  ապրանքների համար: Իրանի և Հայաստանի միջև համատեղ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները հնարավորություն են ընձեռել ընդլայնել արտահանումը դեպի Հայաստան՝ որպես դարպաս դեպի Եվրասիական միության շուկա:

– Արցախի պատերազմից հետո իրանաադրբեջանական հարաբերություններն ի՞նչ տեսք են ստացել։ Երկու երկրները որոշել են Արցախում համատեղ հէկ-եր կառուցել, այս հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա։

– Ինչպես ասացի՝ Իրանը պատրաստ է իր հարևան երկրների հետ զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները և էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանման, գիտական, մշակութային, ջրային ռեսուրսների և այլ հետաքրքրող ոլորտներում խորացնել համագործակցությունները, ուստի Հայաստանի կողքին Իրանը նաև փորձում է իր առևտրային և քաղաքական կապերը պահպանել Ադրբեջանի հետ, հատկապես, երբ նկատի առնենք, որ Արցախյան պատերազմից հետո ավելի է մեծացել Թուրքիայի դերն այդ երկրում, որը կարող է հետագայում թուլացնել Իրանի ռազմավարական դիրքերը Կովկասյան տարածաշրջանում:

Մյուս կողմից՝ Իրանի համար կարևոր է  տարանցիկ և տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ կարողությունների օգտագործման կապակցությամբ առկա հնարավորությունների լիարժեք օգտագործումը, ներառյալ՝ Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով  Կենտրոնական Ասիայից Եվրոպա Թուրքմենստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով բեռնափոխադրում իրականացնելու համար, և Աֆղանստան-Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա տրանսպորտային միջանցքի հնարավորությունների օգտագործումը: Իրանի համար նաև խիստ կարևոր է կասպիական ծովի ավազանի հարևան երկրների հետ պահպանել իր հարաբերությունները և անվտանգության առումով իր ռազմաքաղաքական ներկայությունը հաստատել ու ամրագրել Կասպից ծովում, որի  կարևոր հարևաններից մեկը հենց Ադրբեջանն է:

Իհարկե, այս նպատակների իրականացումը և պլանների հետագա գործադրումը չի կարող խանգարել Իրան-Հայաստան հարաբերություններին և բարեկամական կապերին, քանի որ Իրանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում տարածաշրջանի երկրների հետ և յուրաքանչյուր երկրի հետ իր հարաբերությունները ձևավորում է իր շահերի և նկատառումների հիման վրա:

Կասկած չկա, որ Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը հանգեցրել է ավելի հանգիստ նախապատրաստական ​​քայլի՝ այս երկրների հետ ազատ առևտուր անելու ուղղությամբ: Այդ համատեքստում Իրանը կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնմանը:

Անկախ նրանից, թե Իրանն Ադրբեջանի հետ Արցախի գրավյալ տարածքներում  համատեղ հէկ-եր կառուցելու մասին ինչ պայմանավորվածությունների է հասել, որի իրականացումը, հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում, խիստ կասկածելի է թվում,  Իրանը վաղուց արդեն նման առաջարկներ է ներկայացրել հաև Հայաստանին՝ Իրան-Հայաստան սահմանամերձ շրջաններում ազատ առևտրական գոտիներ ստեղծելու, Արաքս գետի համատեղ սահմանագծում հէկ կառուցելու և նավթաքիմիական ու նավթամշակման գործարաններ ստեղծելու Հայաստանում:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության կարևորությունն  Իրանի համար և այն, որ Հայաստանը՝ որպես բարեկամ և վստահելի երկիր, չի կարող խաթարել Իրանի շահերը տարածաշրջանում, կարծում եմ, որ Հայաստանը պետք է ստեղծված առիթն օգտագործելով՝ փորձի այսուհետ նոր որակ մտցնել Իրանի հետ իր առևտրական, տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական, ռազմական, գյուղատնտեսական և  այլ ոլորտներում հարաբերություններում ու Իրանի հետ համագործակցությունների խորացմանն ուղղված ռազմավարության մեջ վերանայի իր մոտեցումները:

Տեսանյութեր

Լրահոս