Անգլիացիների գնդապետ Շատելվորդն ու իր վարած հակահայկական քաղաքականությունն Արցախում

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասում պետք է էվակուացվեին թուրքական և գերմանական զորքերը։ Թուրք-գերմանական զորքերին փոխարինելու եկան անգլիական զորքերը։

Արդեն իսկ 1918 թվականի նոյեմբերին անգլիական զորքերը գրավեցին Բաքուն։ Պետք է ընդգծել, որ Մուդրոսի զինադադարով Թուրքիան իր զորքերը պետք է դուրս բերեր Անդրկովկասից։ Սակայն Բաքվին տիրացած անգլիացիները թուրքերին թույլ տվեցին, որպեսզի նրանք դեռ մնան Անդրկովկասում։

Թուրքական զորքեր մնացին նաև Բաքվում։ Եվ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Բաքվի նավթային պաշարներին տիրանալ ձգտող բրիտանացիների համար Արցախի հայության ճակատագիրը ոչ մի նշանակություն չուներ։ Եվ Բաքվում թուրքական զորքերի մնալը ցույց տվեց, որ իրականում բրիտանացիներն այդկերպ փորձում են թույլ չտալ, որ այդ տարածքներում հայտնվեն երրորդ կողմի զորքեր։

1919 թվականի մարտին գեներալ Թոմսոնը նշանակվում է Անդրկովկասում գործող բրիտանական զորքերի և ուժերի հրամանատար։ Մինչև այդ Թոմսոնն Ադրբեջանում իրականացնում էր Մեծ Բրիտանիայի ռազմադիվանագիտական միսիայի ղեկավարի պաշտոնը։ Բաքվում գեներալ Թոմսոնին փոխարինեց գնդապետ Շատելվորդը։

Շատելվորդը շարունակում էր իր նախորդների վարած քաղաքականությունը, քանի որ անգլիացիների առջև դրված էր հստակ ծրագիր՝ նրանք պետք է Արցախի հողերը միացնեին Ադրբեջանին։

1918 թվականի ձմռանն անգլիացիներն Արցախի նահանգապետ էին նշանակել Խոսրով բեկ Սուլթանովին, ով աչքի էր ընկնում իր հայատյացությամբ։ Պարզ էր, որ Սուլթանովը վայելելու էր բրիտանացիների օժանդակությունն ու իրականացնելու էր բրիտանացիների ծրագրերը։ Սուլթանովի և բրիտանացիների միջև համագործակցության մասին կա բացառիկ փաստ, որի մասին ներկայացնում է պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանն իր «Մեծ Բրիտանիան և Ղարաբաղի հարցը (1918-1920 թ.թ.)» հոդվածում.

«1918 թ. հունվարի 15-ին Ադրբեջանն արդեն տնօրինող անգլիացիները Ղարաբաղում նահանգապետ դրեցին հայտնի հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովին: Ապրիլի 3-ին անգլիացի գնդապետ Շատելվորդի ստորագրությամբ Բաքվում լույս տեսավ անգլիական պաշտոնական մի հայտարարություն, որի մեջ ասվում էր, որ բժիշկ Սուլթանովն օգտվում է անգլիական հրամանատարության աջակցությունից, և «ՂարաբաղՇուշիում Ադրբեջանի դեմ ամեն մի ելույթ կհամարվի որպես բրիտանական կառավարության դեմ ուղղված գործողություն»»։ (Հատվածը վերցված է Տ. Սարուխանյանի «Մեծ Բրիտանիան և Ղարաբաղի հարցը (1918-1920 թ.թ.)» հոդվածից, էջ 5-6):

Մինչ Շատելվորդը,  արդեն իսկ մի քանի անգլիացիներ փորձել էին արցախցիներին պարտադրել, որպեսզի նրանք ընդունեն Ադրբեջանի իշխանությունը, սակայն բոլոր դեպքերում էլ հանդիպել էին ուժեղ դիմադրության։ 1919թ. ապրիլին Շատելվորդն անձամբ ուղևորվեց Արցախ, որպեսզի արցախցիներին պարտադրի Ադրբեջանի իշխանությունը։ Արդեն իսկ ապրիլի 23-ին Շուշիում  տեղի ունեցավ Ղարաբաղի 5-րդ համագումարը։ Այդ համագումարում Շատելվորդն ու Սուլթանովը փորձում էին ժողովրդին համոզել, որպեսզի համագումարին միաձայն ընդունվի բանաձևը։ Սակայն համագումարի արդեն իսկ հաջորդ օրը պաշտոնական նիստ հրավիրվեց, որում որոշվեց.

«Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որևէ վարչական ծրագիր և այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ` ստեղծելու ազգամիջյան լուրջ խռովություններ ու արյունահեղություններ, որի պատասխանատվությունը իր վրա վերցնել ո՛չ մի դեպքում չի կարող Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 333):

Համագումարի բանաձևն ամբողջ կազմի և 48 պատգամավորների ստորագրությամբ հանձնվեց Շատելվորդին։ Գնդապետը միանշանակ պետք է դժգոհ լիներ, քանի որ իր մոտ ևս չստացվեց համոզել արցախիցներին, որպեսզի մտնեն Ադրբեջանի կազմի մեջ։ Շատելվորդը գնում է Բաքու, որից անմիջապես հետո Սուլթանովը նախապատրաստվում էր իրենց ծրագիրը կյանքի կոչել ռազմական-բռնի ճանապարհով։ Պարզ էր, որ նրանք ունեին անգլիացիների օժանդակությունը։ Արդեն իսկ հունիսին մայոր Մաք Մեզենի ջանքերով և Շատելվորդի հրամանով Արցախից արտաքսվում են Ազգային խորհրդի ներկայացուցիչներ Եղիշե Իշխանյանը, Հարություն Թումանյանը, Ա. Տեր-Աստվածատրյանը։ Սուլթանովը հասավ իր ուզածին, քանի որ հայ քաղաքական գործիչներն ակտիվ մասնակցություն ունեին մարզի ինքնապաշտպանության և կառավարության հարցերում։

Այդ ամենից հետո տեղի ունեցան հարձակումներ և կոտորածներ։ Դեպքերը տեղի ունեցան անգլիացիների աչքերի առաջ և օժանդակությամբ։  Արդյունքում՝ հունիսի 12-ին մայոր Մաք Մեզենը անգլիական ներկայացուցչության և զինվորների հետ հեռացավ Արցախից։ Դա առաջին հերթին գոհացրեց Սուլթանովին, որն իրականացրեց նոր վայրագություններ։

1918-20-ական թվականներին Մեծ Բրիտանիան վարում էր բացահայտ հակահայկական քաղաքականություն։ Այդ ամենի հիմքում Բաքվի նավթային պաշարներին տիրելու ձգտումներն էին։ Այդ ամենին գումարվում էր նաև այն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր։ Հանրագումարը եղավ այն, որ այդ թվականներին Արցախում թուրք-թաթարա-ադրբեջանական խմբերը մարդկանց կոտորում, սպանում ու թալանում էին հենց անգլիացիների աչքերի առաջ։

Զ.Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս