Ինչ ներկայացում են բեմադրում ՊԵԿ-ն ու Փաշինյանը

Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ որոշեց տեղեկատվություն տարածել փետրվարի առաջին 15 օրերին Հայաստանում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արձանագրված շրջանառությունների վերաբերյալ։ Նման բան անելը, այն էլ՝ ամսվա կեսի կտրվածքով, այնքան էլ լուրջ չէ։

Լուրջ չէ ոչ միայն այն պատճառով, որ ժամկետը կարճ է, այլև այն պատճառով, որ անկայունության այս ժամանակահատվածում ցուցանիշներն ու միտումները շատ արագ են փոխվում։ Ուստի, եթե նման դիտարկումներ են ներկայացվում՝ նպատակահարմար է գոնե ամսվա կտրվածքով ներկայացնել։ Բայց ՊԵԿ-ը որոշեց առաջ ընկել և չսպասել ամսվա ավարտին։

«ՊԵԿ վերլուծություններով՝ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3 տոկոսով: Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով: Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն։

Թե ինչո՞ւ հենց հիմա ՊԵԿ-ը որոշեց նման տեղեկատվություն տարածել, պարզվեց 1-2 օր անց։

Հիմնվելով Պետեկամուտների կոմիտեի հայտարարության վրա՝ կառավարության հերթական նիստում վարչապետը ազդարարեց, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից։ Սկսվել է վերականգնման փուլը։

«ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին։ Դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ՝ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով։ Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Թե որքանով է տնտեսությունը մտնում վերականգնման փուլ, դեռ շատ առիթներ կլինի անդրադառնալու։ 15 օրն այն ժամանակահատվածը չէ, որը կարող է թույլ տալ խոսել տնտեսության վերականգնման փուլ մտնելու մասին։

Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում սպասել։ Սովորության համաձայն՝ փորձում է լուն ուղտ սարքել ու ներկայացնել հանրությանը։ Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, որ տնտեսությունը վերականգնվում է, իսկ սպառումը՝ ավելանում։

Այդպես էլ մարդը չհասկացավ, որ տնտեսության նկատմամբ չի կարելի այդքան պրիմիտիվ ու անլուրջ մոտեցում ցուցաբերել։ Ժամանակին էլ աննախադեպ տնտեսական աճերից էինք խոսում՝ ինչ-ինչ ցուցանիշներ հրապարակելով։ Տեսանք, թե մեր  աննախադեպ աճող ու բարգավաճող տնտեսությունն ինչպիսի արագությամբ ու ինչպիսի տեմպերով փլվեց։

Ու այդքանից հետո շարունակում ենք առաջնորդվել նույն սկզբունքներով։ Խաբել ու խաբում ենք հասարակությանը՝ կեղծ ազդակներ հաղորդելով։

Տնտեսության վերականգնումն օրերի կտրվածքով արձանագրվող արդյունքներով չեն որոշում։ Թեև դեռ հարց է, թե ի՞նչ ասել է՝ շրջանառությունների ավելացում։ Լավ կլիներ, որպեսզի ՊԵԿ-ը կամ վարչապետը տային նաև այն հարցի պատասխանը, թե ինչի՞ հաշվին են ավելացել շրջանառությունները։ Ի վերջո, շրջանառությունների ավելացման պատճառները կարող են տարբեր լինել ու բոլորովին էլ կապված չլինել սպառման կամ արտադրության ծավալների ավելացման հետ։

Միայն մեկ փաստարկ բերենք. հայտնի է, որ այս տարի մեր տնտեսությունն և ապրանքային շուկաները հայտնվել են գնաճային բավական մեծ ճնշման տակ։ Բարձրացել են գները, ու դա, բնականաբար, ազդում է նաև շրջանառությունների ծավալների վրա։

Անցած տարվա կեսից տնտեսության համար թանկացել է գազի սակագինը՝ միջինում 4,6 տոկոսով։ Այս տարվա փետրվարի 1-ից էլ էլեկտրաէներգիայի սակագինն է բարձրացել 3 տոկոսով՝ դարձյալ տնտեսական հատվածի համար։

Կա՞ն հաշվարկներ, թե միայն գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ինչպիսի ազդեցություն է ունեցել ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման գների վրա։

Դեռ չհաշված դրսի ու ներսի այլ շուկաներից եկած թանկացումների ճնշումը։

Նման «մանրուքների» մեջ, բնականաբար, վարչապետը չի մտնում։ Չնայած այդ մանրուքները շատ կարևոր են տնտեսության զարգացումների վերաբերյալ պատկերացումներ կազմելու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանին դրանք սովորաբար քիչ են հետաքրքրում։ Նրա համար առաջնայինը հասարակությանը մանիպուլյացնելն է, կարևոր չէ, թե իրականում ինչ է կատարվում տնտեսության մեջ։

Տնտեսությունը հատվածական ու օրական աճերի վրա չի կարող հիմնվել։ Տնտեսությունը հիմնվում է ամբողջական ու երկարատև զարգացումների վրա։

Իսկ ո՞ւր է մեր տնտեսության երկարատև զարգացումը։ Երեք տարվա ընթացքում՝ 2018-2020թթ., ունեցել ենք ՀՆԱ ընդամենը 7,7 տոկոսի աճ։ Միջին տարեկան աճը հազիվ 2,5 տոկոս է։ Ահա այսպես է զարգանում մեր տնտեսությունը։

Այս մասին է պետք մտածել, և ոչ թե՝ շրջանառությունների 15 օրվա ցուցանիշների հիման վրա փորձել տպավորություն ստեղծել, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել։

Տնտեսության վերականգնումը հետո կտեսնենք։ Մի քանի օրից հայտնի կդառնան այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Այն ժամանակ կերևա՝ տնտեսությունը որքանով է վերականգնվել։ Թե՞ Փաշինյանն այժմվանից սկսել է նախապատրաստել Վիճակագրական կոմիտեին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս