«Տաթևիկ Ռևազյանը մեզ ասաց՝ ավիացիան 100% կոմերցիոն ոլորտ է, այնտեղ անվտանգություն չկա». Նավիկ Խաչատրյան
«Իսկապես սատարում էի այս իշխանություններին, հավատում էի, որ սա ոչ թե իշխանափոխություն է, այլ՝ հեղափոխություն, և մտածում էի, որ հեղափոխական գաղափարներով եկած կառավարությունն անպայման ուշադրություն կդարձնի ավիացիոն ոլորտին, և ինչպես 21-րդ դարի բոլոր երկրները՝ պետության աջակցությամբ կունենանք ազգային փոխադրող»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ 2018թ. իշխանափոխությունից հետո, դեռևս չստանալով նոր իշխանություններից որևէ հրահանգ, արագ թիմ է ձևավորել և սկսել աշխատել տեսլականի վրա, որը, ըստ նրա՝ Հայաստանին հնարավորություն կտար 1-2 տարի նախապատրաստվելուց հետո ստեղծել ավիաընկերություն և հաջողությամբ շահագործել, սակայն դեպքերի զարգացումները ցույց են տվել հակառակը:
«Առաջին բանը, որ տեղի ունեցավ, դա ներկայիս ՔԱԿ նախագահի հետ հանդիպումն էր՝ նրա նշանակվելուց 1 շաբաթ հետո: Ես և իմ գործընկերը գնացինք նրա գրասենյակ, այնտեղ մեզ բացատրվեց, որ նախ՝ ավիացիան 100 տոկոս կոմերցիոն ոլորտ է, այնտեղ անվտանգություն չկա, և պետությունը պարտավոր չէ ձեզ որևէ բանով աջակցել: Մեկ ժամանոց հանդիպումից հետո հասկացանք, որ այլևս իմաստ չունի այդ թեմայով դիմել իրեն և պետությանը: Հետո այդ ծրագրի համար փորձեցինք մասնավոր ներդրող գտնել: Հանդիպման վերջում Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ գնացեք և մրցակցեք «Աերոֆլոտ»-ի հետ, ես էլ պատասխանեցի՝ դա նույնն է, որ ասեք՝ «Փյունիկ»-ը գնա՝ «Մանչեսթեր-Յունայթեդ»-ի հետ ֆուտբոլ խաղա, արդյունքը պարզ չէ՞ ձեզ համար: Ասաց՝ ես նշանակված եմ այս պաշտոնին նրա համար, որպեսզի պետության շահերը պաշտպանեմ, և այդ շահերն ասում են, որ ավիացիան կոմերցիոն ոլորտ է»,- ասաց ավիացիոն փորձագետը:
Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Հայաստանում գործում էին երեք ընկերություններ՝ «Արմենիա Ավիաընկերություն», «Տարոն Ավիա» և «Atlantis European Airways», որոնք ունեին ութ օդանավ։ Ամեն ճիգ գործադրվել է պատերազմին նախորդող մեկ տարում, որ երկու ընկերություն՝ 7 օդանավով, Հայաստանից դուրս գան, և պատերազմի նախաշեմին փակվել է «Atlantis European Airways»՝ երկրորդ ընկերությունը՝ իր երեք օդանավով։ Սեպտեմբերի 27-ին պատերազմը Հայաստանը դիմավորել է մի օդանավով՝ Boeing 737, 132-133 տեղանոց։ Ոնց որ ատաղձագործին տանեք սիրտ վիրահատելու և սպասեք, որ նա վիրահատի»։
Նավիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ կապ տեսնո՞ւմ է ավիացիոն ոլորտում հեղափոխությունից հետո կատարված քայլերի և պատերազմի միջև:
«Չեմ ցանկանա հակաճառել Հակոբ Ճաղարյանին, 100 տոկոսով ընդունում եմ իր ասածը: Պատերազմի ժամանակ միանշանակ հարկավոր էր այդպիսի տեղական փոխադրողներ ունենալ: Ամենայն հավանականությամբ, չիմացության հետևանքով էր, որովհետև այդպիսի կարևորագույն անվտանգային պաշտոնին նշանակում է մի աղջկա, ինչն ամեն ինչ ցուցադրում է: Ավելին, 2019թ. փետրվարի 15-ին կառավարությունը հրապարակեց իր հաջորդ 5 տարվա ծրագիրը. 60 էջանոց ծրագրում ավիացիայի մասին կար ընդամենը 1-2 նախադասություն»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում