«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, հիմա այն, ինչը սարքվում է, սարքում ենք մենք, բարերարները, մեր ընկերները». Առուշ Առուշանյան

Կառավարությունը 470 միլիոն 200 հազար դրամով Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցի. որոշումն այսօր հաստատվեց Կառավարության նիստում: Շուռնուխ համայնքում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին անցած 12 տան փոխարեն նոր տների կառուցումը, սակայն, ինչպես ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ստանձնել էին համայնքապետարանն ու բարերարները՝ սեփական միջոցներով: Նկատենք՝ Շուռնուխը Գորիս խոշորացված համայնքի մաս է:

Սրան հաջորդել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հավաստիացումը, թե կառավարությունն է Շուռնուխում սկսել շինարարական աշխատանքները: Ավելին՝ Տիգրան Ավինյանն ակնարկել էր, որ համայնքի ղեկավարների կողմից կառավարության աշխատանքները փորձել են վերագրել բարերարներին. «Շինարարությունն ակտիվ և ինտենսիվ սկսվել է: Չնայած համայնքապետարանի աշխատակիցները շինարարությունը փորձեցին ներկայացնել՝ որպես ինչ-որ բարերարների աշխատանք, բայց ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է և իրականացվում է պետության միջոցներով»:

Տպավորություն է, թե կառավարությունը կռվում է հողմաղացների դեմ. քանի որ անհասկանալի է, թե ինչու է ամեն կերպ փորձ արվում հերքել անհերքելին: Մեզ հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը վերահաստատեց նախկինում ասվածը. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, հիմա այն, ինչը սարքվում է, սարքում ենք մենք, բարերարները, մեր ընկերները»:

Շուռնուխում կառավարության մեկնարկած աշխատանքներից համայնքապետը տեղեկություն չունի:

«Խնդիր չեմ տեսնում, տուն է սարքվում, թող սարքվի. այդ կառավարության գումարները տվյալ կառավարությանը չէ, մեր ժողովրդի հարկերից գոյացած գումար է, և այնպես չի, որ իրենք իրենց տնից են բերում, անում: Նկատի ունեմ՝ մեր հասարակության վճարած հարկերից գոյացած գումարով է, և նորմալ է, որ բնակիչների համար տուն կառուցի, բայց այս պահին այն շինարարությունը, որն արվում է, ոչ միայն այդ տները, այլ ընդհանուր գյուղում շինարարությունը բարերարների աջակցությամբ սկսված շինարարությունն է»,- հավելեց Առուշ Առուշանյանը:

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, որի տունը հակառակորդին անցած 12 տների շարքից է, և որն այս պահին ապրում է համայնքապետարանի շենքում, մեզ հետ զրույցում տեղեկացրեց.

«Բարերարներն իրենց գործն են անում, կառավարությունն էլ իր գործն է անում: Բարերարները կառավարության հետ հանդիպել են, զրուցել են, ընդհանուր եզրակացության են եկել: Ես չգիտեմ՝ ով որտեղ ինչ, բայց, ամեն դեպքում, այո՛, բարերարներն էստեղ են, իրենց աշխատանքներն էլի կատարում են, կառավարությունը՝ ևս»:

Շուռնուխի համայնքապետը, օրինակ, նշեց, որ վստահում է Ռոբերտ Ղուկասյանին, ու հենց նրա խոսքը հիմք ընդունելով է հավատում, որ կառավարությունը սարքելու է այդ թաղամասը: Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի հայտնի կալավանցի խորհրդականն է:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի ստեղծման որոշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ էր մեկնել Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ՝ այնտեղ գործունեություն է ծավալելու:

Հունվարի 29-ին էլ Սյունիք էր մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի հետ, սակայն, հրաժարվել էին հանդիպել Սյունիքի 7 համայնքի ղեկավարներ՝ Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև:

Քանի որ պարզ չէ, թե ինչու է Կառավարությունը որոշել Շուռնուխում կառուցել թաղամաս, եթե բարերարներն արդեն սկսել են թաղամասի շինարարությունը, հենց Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանից էլ հետաքրքրվեցինք մանրամասների մասին՝ հարցադրմամբ՝ տեղեկություն կա, որ այնտեղ արդեն մի թաղամասի շինարարության աշխատանքներ բարերարները սկսել են. այս դեպքում կառավարության անելիքը ո՞րն է:

«Ճիշտն ասած, ես գիտեմ, հաստատ, որ ձեր կողմից նշված բարերարները հանդիպել են քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ: Բայց պետությունն ունի պարտավորություն այդ բնակիչների նկատմամբ: Պարտադիր պետք է այդ մարդկանց կորցրած տների փոխարեն նորը կառուցել նրանց համար:

Եթե բարերարներն ուզում են թաղամաս սարքել, շատ ավելի լավ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շուռնուխ բնակավայրը շատ փոքր գյուղ է՝ մոտ 100 հոգի են ապրում, շատ ավելի լավ, եթե հնարավոր լինի ընդհանրապես 100 տուն սարքել, էդտեղ խնդիր չկա՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սյունիքի մարզում կան նաև Արցախի տարածքից տեղափոխված ընտանիքներ, միգուցե այդ համատեքստում լավ լուծում լինի: Ես կարծում եմ, որ ընդհանրապես մեկը մյուսին չի խանգարում»,- ի պատասխան՝ պարզաբանեց նա:

Նկատենք՝ չի խանգարում, բայց չի էլ օգնում. պատերազմի ու համավարակի հետևանքների տակ կքած պետական բյուջեում արդյո՞ք ավելցուկ կա, որ բարերարների կողմից արդեն կառուցվելիք թաղամասին զուգահեռ՝ պետությունն էլ իր հերթին է թաղամասի կառուցմամբ զբաղվում: Հարցը, թերևս, շարունակում է անհասկանալի ու չմեկնաբանված մնալ այսքան մեկնաբանություններից հետո:

Քանի որ այսօր Կառավարության նիստում, ամփոփելով աշխատանքային այցելությունը, Ռոբերտ Ղուկասյանը նշել էր, որ «այս պահի դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցը դա անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են», և քանի որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից, Ռոբերտ Ղուկասյանին մի քանի հարցադրումներ հղեցինք նաև այս առնչությամբ:

Դիտարկմանը, թե այդ մարդիկ ամեն օր կրակոցների տակ են քնում և լուսացնում, և հարցին՝ կոնկրետ այս խնդրով Ձեր աշխատանքային խումբը զբաղվե՞լ է, Ռոբերտ Ղուկասյանն արձագանքեց.

«Դա մեր աշխատանքային խմբի շրջանակներում չէ: Բայց մենք էլ գիտենք, մենք էլ ենք տարբեր խնդիրներ բարձրաձայնել, և այդ ամեն ինչը ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբին և համապատասխան մարմիններին»:

Ճշգրտմանը՝ տեղյա՞կ եք՝ ինչ աշխատանքներ են տարվում, նա պատասխանեց. «Իհարկե տեղյակ եմ. ես հունվարի 3-ից այնտեղ եմ և, իհարկե, շատ բաների եմ տեղյակ, իրենք լուծումներն արդեն կառաջարկեն, կամ առաջարկել են արդեն վարչապետին: Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում և կոմպետենտ էլ չեմ»:

Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասնել Կառավարության այսօրվա նիստում հնչեցրած այն տեղեկությունը, թե Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկվում են Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը:

Նա նշեց. «Հիմնականում այն բնակավայրերը, որոնք շատ մոտ են սահմանին, այդտեղ, կարծում եմ, նախնական, որ շատ լավ գաղափար կլինի ունենալ հենակետը: Մենք այպիսի օրինակ ունեինք Տավուշի մարզում. Տավուշի մարզում կար պիլոտային ծրագիր հենց այդպիսի քաղպաշտպանության հենակետերի, ու այն Տավուշյան պատերազմի ժամանակ էլ շատ լավ արդարացրեց իրեն: Շատ լավ կլինի, բայց պետք է սպասենք՝ ԱԻՆ-ը վերջնական լուծումներն առաջարկի»:

Մեզ հետ զրույցներում Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց մոտ առկա է անվստահություն պետության, կառավարության հանդեպ, ուստի Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ շաբաթներ շարունակ եղել է Սյունիքի մարզում, այդ առնչությամբ ի՞նչ տպավորություններ ունի.  կառավարության հանդեպ այդ անվստահության մթնոլորտն ինչ-որ կերպ կարողացե՞լ է փոխել, թե՞, այդուհանդերձ, մարդիկ իրենց անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ շարունակում են չվստահել, որովհետև փաստացի նման հարցերի առաջ են իրենց կանգնեցրել:

Ի պատասխան՝ նա ասաց. «Քանի որ ես մաքսիմում փորձում եմ քաղաքական թեմաներից հեռու պահել ինձ, և իմ տեսակն է էդպիսին, ես փորձում եմ այդ դաշտ չտանել ոչինչ և չմտնել այդտեղ, ու նաև ես դա ասել եմ Սյունիքի մարզում, և այնտեղի բնակչությունն էլ գիտի, որ մեկը մյուսի հետ չի կարելի կապել այն առումով, որ կան հրատապ և անհետաձգելի աշխատանքներ: Հետևաբար, կխուսափեմ որևէ բան ասել, որովհետև ես աշխատում եմ ընդհանրապես այդ հարցերին չմիջամտել: Բայց ես մի բան հստակ գիտեմ, որ եթե մենք չլինենք միասնական, մենք երբեք էլ չենք կարողանալու արդյունավետ մեր բոլոր խնդիրները լուծել: Մնացածն արդեն քաղաքական հարցեր են, որոնց մեջ ես, ճիշտն ասած, չեմ ուզում մտնել»:

Տեսանյութեր

Լրահոս