«Մենք ունենք երկու տարբերակ, կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն դառնալու է ադրբեջաներեն, ու հայերենն ընդհանրապես չի լինում, կա՛մ հայերենի հետ լինելու է ռուսերեն». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ չի հավատում, որ 2016 թվականին Ադրբեջանն է խնդրել դադարեցնել պատերազմը։ Նա իր դիրքորոշումը բացատրում է հետևյալ կերպ՝ եթե Ադրբեջանը խնդրեր, ապա հայկական կողմը թշնամուց 800 հեկտար տարածք գրաված կլիներ, այլ ոչ թե՝ հակառակը։
Անդրադառնալով Արցախում ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու վերաբերյալ շրջանառվող նախագծին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրան նորմալ է վերաբերվում.
«Մենք ունենք երկու տարբերակ, կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն դառնալու է ադրբեջաներեն, և հայերենն ընդհանրապես չի լինում, կա՛մ հայերենի հետ լինելու է ռուսերեն, քանի որ մեծ ռուսական կոնտինգենտ կա։ Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, անվտանգություն ապահովի, բայց իրենց լեզվով որևէ բան չլինի՞»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա ասել էր, թե 2018 թվականի գարնանն իր իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այն ժամանակվա փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ առարկություններ ունի, քանի որ, եթե Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ չառաջադրվեր, և այնպես, ինչպես ներկայացվել էր ժողովրդին, Կարեն Կարապետյանը կլիներ վարչապետ, ապա Հայաստանում հեղափոխություն չէր լինի։
«2018 թվականի մայիսի 1-ին խորհրդարանում իրավունք կար առաջադրելու վարչապետի թեկնածուի, «Ելք» խմբակցությունն առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն չի առաջադրում Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Մեկ շաբաթ անց ՀՀԿ-ն թեկնածու կրկին չի առաջադրում, և ստորագրություններով վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա, եթե վարչապետ պետք է ընտրվեր Կարեն Կարապետյանը, նա պետք է առաջադրվեր ու ընտրվեր։ Վստահ եմ, որ ՀՀԿ-ն կարող էր առաջադրել, բայց դե, ներքին խոհանոց է, գուցե Կարեն Կարապետյանը չի ցանկացել առաջադրվել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև ընդգծեց, որ հարցեր են առաջանում, թե ինչու է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչու չի կիրառվել ադրբեջանական թիրախների վրա, այդ հարցը պետք է քննի քննիչ հանձնաժողովը։
Էդմոն Մարուքյանը նաև ասաց, որ նախկին նախագահները չպետք է հավակնեն երկրի ղեկավարի պաշտոնին։
«Մեր ժողովուրդը հստակ պետք է տեսնի, որ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքն իրենք չեն, միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել փոփոխությունների»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։