Dasaran.am-ից հրաժարվելու և ԱՅԲ-ի համար խնդիրներ ստեղծելու պատճառը
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը վստահեցնում է՝ մեր կրթական համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, այն որդեգրել ենք Սովետական Միությունից, որտեղ կրթական համակարգը ծառայում էր այդ ժամանակվա մարտահրավերներին, բայց քանի որ այդ պետությունն այլևս չկա, ու փոխվել են մարտահրավերները, բայց ոչ կրթական համակարգը, ուստի այդ համակարգն այլևս չի սպասարկում մեր պետության շահը։
Ստացվում է այնպես, որ կրթական խողովակով 12 տարի՝ դպրոցում, ապա 4-6 տարի՝ բուհում սովորելուց հետո մարդն իր ստացած կրթությամբ չի համապատասխանում արդի մարտահրավերներին, և կրթական խողովակով անցած մարդու գիտելիքը 30 տարի առաջվա համար է, հետևաբար՝ ամբողջությամբ պետք է փոխվի գործող կրթական համակարգը, և ոչ թե՝ եղածի հիմքի վրա փորձ արվի անել կցոններով բարեփոխումներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նա անդրադարձել է ոչ միայն կրթական համակարգում առկա խնդիրներին, այլև դրանց լուծման անհրաժեշտությանն ու քայլերին:
«Մեզ պետք է ազգային կրթական համակարգ։ Կրթության նախարարը պետք է համախմբի իր շուրջ ընդդիմության ու դիմության ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուրը ներկայացնում է իրեն վստահված ոլորտի խնդիրները. օրինակ՝ ԱԻՆ նախարարը ներկայացնում է, թե սեյսմակայունության ինչ խնդիր ունենք, հետևաբար՝ ներկայացվում է, թե երեխան առաջին դասարանից ինչպես պետք է պատրաստվի բնական աղետներին։ Կամ՝ունենք սահմանային խնդիրներ, ուրեմն մեզ պետք է, որ 10 տարեկանից բոլոր երեխաներն անցնեն նախնական զինվորական պատրաստություն։ Այսպես բոլոր ոլորտների խնդիրները դրվում են, ու այսպես ձևավորվում է սեփական երկրի համար անհրաժեշտ կրթական համակարգ, որը պատրաստում է մարդկային կապիտալ»,- ասաց Ալոյանը։
Խոսելով այս տարբերակով ձևավորվող նոր համակարգը կիրառելու մասին՝ Սուրեն Ալոյանը նշեց, որ, երբ ծրագիրը լինի պատրաստ, այն պետք է 3 տարով ներդրվի սահմանափակ թվով դպրոցներում, փորձարկվի, ենթադրենք, 1000 աշակերտի համար, այնուհետև տեղայնացվի ամբողջ կրթական համակարգի վրա։
«Այս 3 տարվա ընթացքում նաև պատրաստում են ծրագիրն իրականացնողին՝ ուսուցչին, որովհետև, եթե ուսուցիչը դրան պատրաստ չէ, ապա ցանկացած փոփոխություն մնալու է թղթի վրա»,- ասաց Ալոյանը։
Հարցին՝ արդյո՞ք թղթի վրա են մնալու փետրվարի 4-ին ընդունված Հանրակրթական պետական չափորոշիչները, որոնցով աշխատելու ուղղությամբ ուսուցիչները չեն վերապատրաստվել մինչև այն ընդունելը, Սուրեն Ալոյանը պատասխանեց.
«Ուսուցիչների հետ այդ չափորոշիչների հետ կապված որևէ աշխատանք չի կատարվել. ուսուցիչները դրանց հետ աշխատելու են այնպես, ինչպես բոլոր նախորդների՝ ոչ մի ձևով, շարունակելու են աշխատել այնպես, ինչպես կարող են»։
Ըստ Ալոյանի՝այս չափորոշիչներում կան կարևոր դրական կետեր, օրինակ՝ դրական է, որ աշակերտներին մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը պետք է տրվի բնութագրային գնահատական, բայց դարձյալ խնդիր է, թե այդ դրականը որքանով կկարողանա իրականություն դառնալ։
«Բայց որքանով է պատրաստ մեր ուսուցիչն աշակերտին անընդհատ տալ այնպիսի բնութագրում, որը երեխային առաջ կմղի։ Կամ՝ եթե ուսուցիչը 10 հարցից բաղկացած աշխատանք է տվել աշակերտին, որից նա կարողացել է պատասխանել ընդամենը 2-ի, հիմա, այո, երեխային պետք է մոտիվացնել, որ հաջորդ անգամ կպատասխանի 3-ի, հաջորդին՝ 4-ի, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ է լինում այն երեխաների հետ, որոնք մշտապես մեկ կամ երկու գնահատական են ստացել, այսինքն՝ երկտարեցի են, չէ՞ որ թվային գնահատական ստանալու դեպքում նրանք կմնային նույն դասարանում, հիմա նրանք ի՞նչ են անելու, արդյո՞ք նրանց ստացած այդ մեկ կամ երկու գնահատականը բավարար է լինելու հաջորդ դասարան տեղափոխվելու համար։ Այնպես որ, թե ինչ է կատարվելու երկտարեցի երեխաների պարագայում այս չափորոշիչներով, անհայտ է»,- ասաց Ալոյանը՝ նշելով, որ չափորոշիչներում կան նաև այնպիսի ձևակերպումներ, որոնք պարզապես թարգմանված են այլ պետությունների չափորոշիչներից, ու հարց է ծագում՝ արդյո՞ք դրանք նախատեսված են մեր մշակույթը կրող ու մեր երկրում ապրող երեխաների համար։
Սուրեն Ալոյանը կարևորեց նաև ապաքաղաքական կրթություն ունենալու անհրաժեշտությունը։
Ըստ նրա՝ ապաքաղաքական կրթական համակարգ կարելի է ունենալ երկարամյա ռազմավարություն մշակելու, պետության սեփական կարիքները ճիշտ ընկալելու, սեփական քաղաքացուն լավ ճանաչելու միջոցով, ինչը բերելու է վերջնարդյունքում կրթական թռիչքի։
«Շատ երկրներ ստեղծել են ազգային կրթության խորհուրդ։ Կրթությունը և կրթության նախարարը պետք է ապաքաղաքական լինեն։ Վերջապես պետք է նաև կրթությունն այնպես կարևորել, որ մեր ՀՆԱ-ի 5 տոկոսը հատկացնեն կրթությանն ու գիտությանը։ Այս ամենին հասնելու համար պետք է ապագայի տեսլական, իրական փորձ և կարողություններ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյո՞ք իրական փորձ և կարողություններ չունենալու հետևանք է այն, որ առկախեցին «ԱՅԲ»-ի մշակած Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կամ «Դասարան» կրթական ծրագիրը փոխարինեցին մեկ այլով, Սուրեն Ալոյանը պատասխանեց.
«Այս ամենի պատճառն այն է, որ չունեն գիտելիք, կյանքի ու մասնագիտական բավարար փորձ՝ հասկանալու համար, որ պետությունը չպետք է մասնավորի հետ պայքար մղի, մասնավորը նույն պետության մասնիկն է։ Ես՝ որպես «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր, պետության մի մասնիկն եմ, ու հարկ վճարելու, կրթություն ստեղծելու միջոցով պետությանն այնքան օգուտ եմ տալիս, որ պետությունը մեզ և ԱՅԲ-ին պետք է դներ գլխի վրա ու ման տար. չդրեց, որովհետև չունեն գիտելիք։ Օրինակ, Արարատյան բակալավրիատը, իմ կարծիքով, շատ լավ ծրագիր էր. հիմա լավ, ջհանդամը, թե չհավանեց պետությունը, բայց թող այդ դեպքում այլընտրանքը ցույց տա, ասի, թե դրանից հրաժարվելով՝ ի՞նչ այլ բան է առաջարկում, ոչ թե՝ առանց ուսումնասիրելու ու հասկանալու, ինչ է թե՝ այն մշակողների հետ ունի անձնական խնդիրներ, առկախում է, այդ ժամանակ փոշիացնում է արված աշխատանքը, ու այստեղ հարց է առաջանում՝ բա ո՞ւր մնաց պետության շահը։ Մենք քայլում ենք անդունդի եզրով»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում