
Մինչ օրս էլ իշխանությունները կարծես հավատարիմ են մնում ուղեգծին՝ դատել նախկիններին, դատարան կանչել նախորդ պատերազմի հերոսներին, բայց դա ազգային ծրագիր լինել չի կարող. Քաղաքագետ

«Երբ ժողովուրդը ոտքի ելավ ընդդեմ Սերժի, «դեմ» բառն անհատին ուղղված միակ նախագիծն էր, այնինչ դա չի կարող լինել ազգային զարգացման նախագիծ: Լինել ընդդեմ Սերժի, դա բոլորովին չի նշանակում, թե դրական, կոնստրուկտիվ ծրագիր է: Մինչ օրս էլ իշխանությունները կարծես հավատարիմ են մնում այդ ուղեգծին՝ դատել նախկիններին, դատարան կանչել նախորդ պատերազմի հերոսներին: Բայց դա ազգային ծրագիր լինել չի կարող: Ազգային ծրագիր չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի հռչակագիրը, ազգային ծրագիր չեն կարող լինել անհիմն խոստումները: Կարող է դա լինել ազգային ծրագիր, եթե նշես, թե ինչպես ես դա պատկերացնում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
«Ազգային ծրագիր չի կարող լինել ժողովրդից թաքցնելն այն, թե Մինսկի խմբում ինչ եք խոսում, և հայտարարել այն, թե՝ ասում եմ այն, ինչ ուզում եմ: Այսինքն՝ մինչ օրս իշխանությունների հնարքներից մեկը, որով տիրում են զանգվածներին, դա տեղեկատվական քաոսն է և սեփական նախագծերի չհրապարակումը: «Մերժիր Սերժին» թմբիրից հասարակությունը չի արթնացել, և այստեղ, իմ կարծիքով, իր մեղքն ունի ընդդիմությունը, որովհետև հետևում է «Մերժիր Նիկոլին» բանաձևին: Ընդդիմության բանաձևերում քիչ են հնչում կոնստրուկտիվ բաներ: Կա քաղաքական ուղեգծի բացակայություն»,- հավելեց նա:
Խոսելով կատարված հեղափոխության մասին՝ քաղաքագետը նշեց. «Գունավոր հեղափոխություն կատարած բոլոր երկրներում եղել է խավ, որը ստացել է միջոցներ: Հիմա ասում են՝ դա սորոսականներն են: Հարց է առաջանում՝ որևէ պետության մեջ արդյո՞ք ներդրում կկատարի հօգուտ նրա: Ոչ, բոլոր ներդրումները կատարվում են այդ երկիրը տապալելու և կախման մեջ դնելու համար: Ասում են՝ այդ գրասենյակը, քանի տարի է՝ մեզ մոտ աշխատում է, ուրեմն քանի տարի է՝ միջոցներ են բերում Հայաստանը կործանելու համար: Սորոսը ֆինանսական աշխարհի ծովահենն է, պատվերներ է կատարում: Ինչ-որ տեղից ստացած միջոցներով կարող է տապալել ինչ-որ մի երկիր: Հարց է ծագում՝ որտեղի՞ց պետք է Արցախը կորցնելու համար Սորոսը փող վերցնի, իհարկե՝ Թուրքիայից, Ադրբեջանից»:
Անդրադառնալով GPS-ով սահմանների գծանշման «որոշմանը», Ալեքսանդր Մանասյանն ասաց, որ տարբեր քարտեզներ կան, և դրանց փոփոխությունը խորհրդային տարիներին՝ 1940-ական թվականներից սկսած՝ հօգուտ Ադրբեջանի է:
«Կրծոտել են Հայաստանի տարածքը: Որտե՞ղ են սահմանների ճշգրտման մեր մեթոդաբանները, մասնագետները: Մեր բնակիչները պետք է դիմադրեն՝ այն դարձնելով միջազգային օրակարգի հարց, Ռուսաստանի օրակարգի հարց»,- նկատեց քաղաքագետը: