Այդպես էլ չիմացանք՝ ի վերջո, մեր բոլորիս տվյալներն ինչպե՞ս հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում, ու ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու

ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն այսօր առցանց ասուլիս էր տալիս, ուր ամփոփում էր 2020թ. կատարած աշխատանքները:

Ասուլիսի ողջ մեխն ըստ էության այն էր, որ մեր բոլոր սերվերները հաջողությամբ պաշտպանված են, և տվյալների որևէ արտահոսք կիբեռհարձակման հետևանք չէ:

«2020թ. մի քանի դրվագներով ադրբեջանցիները մի դեպքում՝ կորոնավիրուսից մահացած անձանց, մյուս դեպքում՝ կոնտակտավորների տվյալներ հրապարակեցին, և հայտարարվեց, որ դա հաքերային հարձակում էր՝ ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի վրա: Ստուգումները ցույց տվեցին, որ սերվերները հաջողված կիբեռհարձակման չեն ենթարկվել: Այս դեպքում էլ պարզվեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը բավարար պաշտպանվածության մակարդակ ապահովում և ապահովել է, և տվյալները արտահոսել են ոչ թե հաջողված կիբեռհարձակման, այլ որևէ օգտատիրոջ՝ այդ տվյալներին հասանելիություն ստանալու կամ միգուցե վիշինգի միջոցով»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլին ուժի մեջ մտան «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում կատարված փոփոխություններ, որով նախատեսվում էր քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը, հասանելի դարձնել, ինչպես պաշտոնապես Արդարադատության նախարարությունը հայտարարեց, ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման էլեկտրոնային ծրագիրը գրվել է անհատների նվիրատվությամբ, և պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հրապարակեց կամավորների անունները, որոնք, ինչպես պարզվեց, «Յուքոմ» ընկերության աշխատակիցներ էին, ովքեր 2020թ. ապրիլին Եսայան եղբայրների բոյկոտով լքեցին ընկերությունը և օրենքի բազմաթիվ խախտումներով ձեռք բերեցին «Բիլայն Արմենիան»։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ հետագայում Վարագ Սիսեռյանը Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Բիլայնում» նշանակվեց փոխտնօրենի պաշտոնում։

168.amԳևորգ Հայրապետյանին երկու հարց ուղղեց վերոգրյալի վերաբերյալ: Ցանկացանք իմանալ՝

1. Ի՞նչ կատարվեց քաղաքացիների անձնական այդ տվյալների հետ, որոնք քանիցս ադրբեջանցի հակերների ձեռքին հայտնվեցին։ Արդյո՞ք ԱԺ-ն իրականացրել է իր գործառույթը՝ ստուգելու, թե մասնավոր կամավոր ծրագրավորողները պատշաճ կերպով հավաքագրել, պահպանել և ոչնչացրե՞լ են այդ տվյալները, թե՞ ոչ։

2. Իրավական ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Տիգրան Ավինյանին, եթե պարզվի, որ մասնավոր ընկերության ներկայացուցչի հետ գործարքի է գնացել՝ մեկը օգնել է հավաքագրել քաղաքացիների անձնական տվյալները, մյուսը օգնել է օրենքի շրջանցմամբ ռազմավարական ոլորտի ընկերություն գնել՝ առանց կապիտալի ներդրման։ Արդյոք սա քաղաքացիների անձնական տվյալների խախտմա՞ն, կոռուպցիայի՞, թե՞ ազգային անվտանգության խնդիր է:

Մինչ այդ մեր գործընկերներից մեկը նույնաբովանդակ հարց էր ուղղել անձնական տվյալների գործակալության պետին, սակայն վերջինս ըստ էության չպատասխանեց կոնկրետ հարցադրմանը՝ ինչպե՞ս են մասնավոր ընկերության հավաքագրած տվյալները հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, և ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու: Միայն ասաց, որ ոչնչացվել են թե՛ հավաքագրված անձնական տվյալները, և թե՛ դրանք կրող կրիչները:

Իսկ ի պատասխան մեր առաջին հարցի՝ Գևորգ Հայրապետյանն ասաց, որ Ազգային ժողովի մասով մեր հարցադրմանն ուղղակի չի կարողանա պատասխանել:

«Չգիտեմ՝ ինչի՞ մասին է այդ մասով խոսքը, որովհետև չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսքը՝ ծրագրավորողների գործողության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ասելով: Բայց եթե նկատի ունենանք, թե ինչ է տեղի ունենում այն անձնական տվյալների հետ, որոնք հայտնվում են այլոց ձեռքերում ու համացանցում, պիտի նշենք, որ այն, ինչ հայտնվում է համացանցում, այնտեղ մնում է հավերժ, առանց ժամկետային ու տարածքային սահմանափակումների: Եվ սա վերաբերում է ցանկացած տեղեկության, որը մարդը կարող է հրապարակել իր առցանց էջերում»,- ասաց ԱՆ պաշտոնյան:

Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին սպասվող պատասխանատվության և տվյալների արտահոսքի վերաբերյալ գնահատականին ու դրա խստությանը, Գևորգ Հայրապետյանն ասաց, որ հարցն այլ ոլորտի է պատկանում, և ինքը որևէ կերպ չի կարող դրան անդրադառնալ, չունի դրա իրավասությունը:

«Ինձ առհասարակ հայտնի չէ, թե լրատվամիջոցը կոնկրետ ինչ հարցի վերաբերյալ է առհասարակ խոսում, և այս հարցը առանձնապես չեմ կարողանալու մեկնաբանել: Կանոնը հետևյալն է. անձնական տվյալների ցանկացած մշակող, լինի դա ֆիզիկական, իրավաբանական անձ կամ պետական մարմին, ենթարկվում է անձնական տվյալների պաշտպանության այն նույն սկզբունքներին, որոնք որ սահմանված են օրենքով բոլորի համար»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս