Ադրբեջանցիների ահ ու սարսափը միշտ եղել են Մոնթեն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը․․․ դրա համար էլ Ալիևը դեռահասի վարք է դրսևորում, ոտքով ցուցանակ կոտրում. Անժելա Էլիբեգովա
«Պատերազմից հետո տեսնում ենք, որ հանրության ինքնապաշտպանական բնազդները, զգոնությունը հետևողականորեն բթացվում են և ներմուծվում են թեզեր, մտքեր, գաղափարներ, որոնք մեզ համար խորթ են»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ շարունակելով.
«Ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ մերժել ենք, հերքել ենք և այդ ապատեղեկատվության դեմ պայքարել ենք նույնիսկ միջազգային հարթակներում, այսօր մեզ փորձում են հրամցնել մեր իսկ իշխանությունները: Սկսենք՝ Շուշին Շուշա անվանելու անընդունելի ձևակերպումներից, վերջացրած այն հարցադրումներով, թե արդյոք Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ:
Այսինքն, ինչ-որ մեկի մոտ կարող է այդպիսի հարց առաջանա՞լ: Եվ խոսել սովետական դեմոգրաֆիական իրավիճակի մասին ու չասել, որ այդ դեմոգրաֆիական իրավիճակը 1920թ. հայերի ջարդերի արդյունք է, դա ապազգային քաղաքականության դրսևորում է: Ադրբեջանն այդ կոնտեքստը վերցնում, տարածում է իր մոտ ու ասում է՝ տեսեք, Հայաստանի ղեկավարությունը մեր թեզերով է առաջնորդվում, կրկնում է այն, ինչ մենք տարիներ շարունակ ասում ենք. տեսե՛ք, իրենք մեզ հետ համաձայն են: Պատկերացրեք, այս իշխանությունը գնաց, դատվեց, նստեց, իրենց ինչ-որ մի տեղ կորցրեցինք, բայց մենք մնում ենք, շարունակում ենք ապրել: Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը չի ավարտվել, և այդ մարդիկ շարունակելու են միջազգային հարթակներում ամեն անգամ մեզ ցույց տալ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի անհեթեթ ինչ-որ մեկնաբանություններ: Որևէ գիտակից, պատմություն իմացող, արժանապատվություն ունեցող հայ չի կարող ընդունել նման թեզեր և առաջնորդվել դրանցով ու ասել՝ դե լավ, եթե ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն ադրբեջանական է»:
Ադրբեջանագետը շեշտեց՝ հանրության լայն շրջանակները պատրաստվում են հաջորդ պատերազմին, որովհետև հասկանում են՝ Ադրբեջանն այսքանով չի սահմանափակվելու:
«Ադրբեջանը ռազմական բյուջեն է ավելացնում, զորավարժություններ են անում, ռազմական համագործակցության նոր պայմանագրեր է փորձում ստորագրել: Վաղուց արդեն ադրբեջանցին և Ադրբեջանն այն չեն, ինչ դուք հիշում եք՝ Սովետական Միության կեղծ օրակարգի շրջանակներում ապրելով»,- շեշտեց Անժելա Էլիբեգովան:
Բանախոսը նշեց՝ անհեթեթություն է այն, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանն ինչ-որ տնտեսական շահ է ունենալու:
«Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պարագայում, երբեք թույլ չեն տալու, որ Հայաստանը կարողանա տնտեսական ինչ-որ շահ ունենալ, կարողանա վերականգնել տնտեսությունը, ուժեղանալ,անվտանգությունն ավելի ամրացնել: Հակառակը, հնարավորինս փորձելու են քամել մեր տնտեսությունը, վերջնականապես սպանել և խեղդել»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան՝ հավելելով, որ Ալիևին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները մնան, որոնք փաստացի կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սպասվող զարգացումներին՝ ադրբեջանագետը հայտնեց, որ այնտեղ դեպրեսիան կգա հետո՝ կես կամ մեկ տարի հետո, երբ սոցիալական խնդիրները մնան չլուծված, և մարդիկ հասկանան, որ հողերը, որ Ադրբեջանը ժամանակավոր օկուպացրել է, ներդրումներն իրենց գրպանից են գնալու:
«Ադրբեջանը փորձում է դրսից բերել ինչ-որ ներդրումներ, բայց այդ ամենի համար Ալիևը պետք է գլխով պատասխանի, տա ինչ-որ երաշխիքներ: Իսկ ռազմական գոտում ներդրողին տալ երաշխիքներ՝ բարձր է լինելու: Պատկերացրեք, Աղդամը զրոյից պետք է վերակառուցել, որպեսզի վերաբնակեցվի, և այսպես բոլոր շրջաններում, ինչի գումարն Ադրբեջանը չունի: Հողը նվեր ստացան, բայց չունեն գումար՝ արագ վերականգնել այն: Կամ՝ Ադրբեջանը կիսատ-պռատ փորձելու է ժամանակավոր ինչ-որ ավաններ, գյուղեր կառուցել, որտեղ ստիպողաբար բերելու է լցնի ինչ-որ քանակությամբ մարդկանց, որոնք այնտեղից շատ արագ կգնան, որովհետև շուրջը ոչինչ չկա, կամ երկարաժամկետ պլան պետք է լինի, որ 10 տարուց վերաբնակեցնի: Բաքվի քիչ թե շատ բարեկեցիկ կյանքից հետո վերադառնալ անհասկանալի տեղ, ռազմական գոտում անընդհատ նոր պատերազմի վտանգի տակ ապրել, չեմ կարծում, որ շատերը կուզեն: Հիմնական խնդիրն այն է, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ ունեն և կհրաժարվեն վերադառնալ՝ նրանց բոլոր արտոնություններից զրկելու են: Մեծ մասը փորձելու է արտագաղթել Ադրբեջանից: Այստեղ կարևոր է մեր աշխատանքը, որպեսզի շուտ չվերադառնան: Կարևոր է, որ այնտեղ բնակեցվեն սիրիացի վարձկանները: Ցավոք, մեր երկրում պետական մակարդակով ոչ մեկը չի պատրաստվում այդ խնդրով զբաղվել՝ բացի ՄԻՊ-ից: Միջազգային հանրությանը պետք է բացատրենք, որ Ադրբեջանը հրահրել է պատերազմ, կիրառել է արգելված զինատեսակներ, գործել է ռազմական հանցագործություններ»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանագետն անդրադարձավ նաև գերիների հարցին՝ նշելով. «Հայկական կողմում անհասկանալի պատճառներով քիչ էին ադրբեջանցի գերիները, և կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը կստանանք քննության արդյունքում, թե ինչու հայկական կողմը չէր վերցնում ադրբեջանցի գերիներ, կամ արդյո՞ք չէր ստացվում գերի վերցնել: Մենք ռուսական կողմից ենք իմանում, որ ադրբեջանցի գերիներ են հայտնվում Հայաստանում, իսկ նրանց առանց նախապայմանների հանձնում ենք: Այնինչ, 200-ից ավելի մեր գերիների մասին է խոսք գնում»:
Անժելա Էլիբեգովան հայտնեց նաև, որ ադրբեջանցիների ահ ու սարսափը միշտ եղել են Մոնթեն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, և դրանով է պայմանավորված, որ Ալիևը դեռահասի վարք է դրսևորում, ոտքով ցուցանակ է կոտրում, և այլն: