«Գյուղում առանց անասուն պահելի կըլնի՞, չի ըլնի: Կառավարությունը պետք ա մտածի՝ ծրագրեր մտցնի գյուղեր, որ գյուղացին մնա գյուղում». Շիկահողի բնակիչ

Ի՞նչ խնդիրների առջև են կանգնել նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով ու մեկ գրչի հարվածով թշնամի Ադրբեջանին սահմանակից դարձած Հայաստանի գյուղերը: Սահմանապահ Շիկահողի բնակիչ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում այս հարցին կարճ ու շատ կոնկրետ պատասխան տվեց.

«Սաղ խնդիր ա, էլի, ո՞ր հարցն ա լուծված, որ»:

Հետաքրքրվեցինք՝ սահմանին կրակոցներ լինո՞ւմ են: Շիկահողցին պատմեց՝ պարբերաբար են կրակում, բա էլ ի՞նչ սահման, որ կրակոց չլինի:

«Ղաթ-ղաթ յիրա են տամ, պոստերում ղաթ-ղաթ կրակում են: Էդ ա էլի, կարողա՞ նի վըչ: Ես ի՞նչ իմանամ, կարա՞մ ասեմ՝ կդադարե՞ն, թե՞ չեն դադարի: Ձեն ա, էլի, պոստից գալիս ա, ո՞նց կարող ա պոստում չկրակեն»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Բազմազավակ հայր է Տիգրանը՝ 3 երեխա ունի: Ասում է՝ երեխաներն էլ, կինն էլ, մայրն էլ կրակոցների ձայներից վախենում են, բայց սա ամենևին չի կարող պատճառ դառնալ, որ Շիկահողում ծնված ու մեծացած Տիգրանը վերցնի ընտանիքն ու լքի գյուղը՝ ավելի ապահով վայր գտնելու նպատակով:

«Չէ, տա պատճառ չի է, պրոստը գյուղ ա էլի, պետք ա նայեն, ուշադրություն դարձնեն, ծրագրեր բերեն, անորոշ վիճակ ա էլի, չես իմանում՝ անե՞ս, թե՞ չանես: Էդ ա մենակ խնդիրը: Մեր հերերը, մերերը ստեղ են ծնվել, ստեղ մահացել, թողենք ո՞ւր գնանք: Հայկական հոգեբանություն ա, մենք էլ մեր հողում մնում ենք, ի՞նչ պետք ա անենք, ում ճակատին ինչ գրվել է, էն էլ քաշում ա: Մեր սաղ Հայաստանն էլ սահմանամերձ ա, ի՞նչ տարբերություն՝ Ղափանում մնացա՞ծ, թե՞ գյուղում, տարբերությունը ո՞րն ա, նույն բանն ա: Հլը գյուղը մնում ա գյուղ, հարևանը հարևանին ճանաչում ա, բայց որ ադրբեջանցին քաղաք մտնի, հարևանը հարևանին չի ճանաչում: Մեր երկրից լավ տեղ չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Շիկահողցիները հիմա էլ ապրում են գյուղի սովորական առօրյայով՝ անասնապահությամբ են զբաղվում, հացահատիկ և անասնակեր են մշակում, միայն թե գյուղի՝ սահմանամերձ դառնալուց հետո անասուններին արոտավայրեր տանելը խնդրահարույց է:

«Մեր արոտավայրերը մի քիչ հեռու ա սահմանից, բայց էլի վախենալու ա, սեզոնը բացվի, անասուն ա էլի, կարող ա անցնի էն յանը»,- ասաց նա:

Իսկ մեր Կառավարության անդամները պատերազմից հետո գյուղ այցելե՞լ են, գյուղացիների խնդիրներին ծանոթացե՞լ են:

«Չէ, ո՞վ ա գալիս, ո՞վ ա հարցնում, չէ, չէ, տենց բան չկա»:

Չնայած Կառավարությունը սահմանապահ գյուղերի մասին չի մտածում, շիկահողցին Կառավարության փոխարեն մտածել է՝ ինչ անի գործադիրը, որ սահմանապահ գյուղերը չդատարկվեն:

«Գյուղացիներին կարան ապահովեն ցեղական կովերով,  որ արոտավայր քիչ են դուրս գալիս, որ հիմնականում գոմում են պահում, միջոց տան, ամեն մեկը մի 2-3 հեկտար յոնջա ցանի, որ գյուղացիք իրենց կովերը իրենց գոմերում պահեն, արոտավայրից չօգտվեն, կամ քիչ օգտվեն: Ծրագրով օգնեն գյուղացիներին, գյուղացին էլ ընթացքում փողը կտա, որ ապրեն, էլի: Գյուղում առանց անասուն պահելի կըլնի՞, չի ըլնի: Կառավարությունը պետք ա մտածի՝ ծրագրեր մտցնի գյուղեր, որ գյուղացին մնա գյուղում, ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում շիկահողցիներն են պահել իրենց գյուղի սահմանները, հիմա իրենց փոխարեն հատուկջոկատայինները և երկրապահ կամավորականներն են սահմանին, իրենք էլ օգնում են՝ ինչով կարողանում են:

«Գյուղացին չի կարա ամեն օր դիրք պահի, բա իրա ապրանքն ո՞վ պահի, հիմա գյուղի գործերը բացվել ա, հնարավոր չի էլի: Արանքում գնում-գալիս ենք, ինչ պետք ա՝ անում ենք, օգնում ենք, վաղը-մյուս օրը մեր երեխեքն են կանգնելու, պարտավոր ենք»:

Ավելի վաղ պատմել էինք, որ Շիկահող գյուղը Կապան քաղաքին կապող միակ գործող ճանապարհի 3կմ-անոց հատվածը հսկում են զինված ադրբեջանցիներ: Տիգրան Հովհաննիսյանը պնդում է՝ դեռ արտառոց դեպքեր չեն գրանցվել:

«Սովորական, իրանք իրանց տեղերում սուս ու փուս կանգնած են: Լյուբոյ ժամի գնացել-եկել եմ, գիշերն էլ, ցերեկն էլ, ոչ մի արտառոց բան չկա, նորմալ ա, թե հետո ի՞նչ կլինի, չգիտեմ: Ես իրենց չեմ տեսել, որ ասեմ՝ զինվա՞ծ են, թե՞ զինված չեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս