Տարեց գյուղացիներն էլ են զենք վերցրել, կանոնավոր բանակ չկա, պետությունը չի՛ երաշխավորում մեր անվտանգությունը. Շիկահողի գյուղապետ

Սյունիքի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանցից մեկի՝ Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց սահմանապահ համագյուղացիները կանգնած են Հայաստան-Ադրբեջան ներկայիս սահմանին, սակայն նահանջի հրաման են ստացել:

«Այսօր առավոտից մենք նահանջի հրաման ենք ստացել, հրաման ենք ստացել, ստիպված պետք է նահանջենք: Վերադառնում ենք ԽՍՀՄ սահմաններին, իրենք էլ մոտենում են մեր սահմաններին: Մեր ու ադրբեջանցիների հեռավորությունը իրարից մետրեր են, կիլոմետր էլ չկա, որ ասեմ՝ գոնե 1 կմ, դա էլ չկա: Մեր պահանջն այն է, որ գոնե բանակցություններ վարեն էնպես, որ մեջտեղում  1.5-2,5 կմ ունենանք, որ իրարից հեռու լինենք, մեջտեղում լինի չեզոք գոտի: Այն տարածքը, որն իրենք իրենց GPS-ի միջոցով ասում են, որ իրենց տարածքն է՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի,  այսօրվա  դրությամբ եղել է մեր տարածքը, մենք այնտեղ ունենք վարելահողեր, ջերմոցներ, տուն ունենք նույնիսկ, բնակչություն, մեծ տնտեսություն ունեինք այնտեղ, որտեղից որ ասում են՝ հետ քաշվեք»,- ասաց Ղազարյանը:

Շիկահողի գյուղապետի պնդմամբ՝ սահմանների այդքան մոտ լինելու պատճառով գյուղացիների համար անգամ ապահով չի լինելու իրենց վարչական շրջանի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվելը:

«Ներկա պահին մեր գյուղի վարչական տարածքի արոտավայրերը, վարելահողերն այնպիսի սահմանագծի վրա են, որ վտանգավոր է այնտեղ որևէ գործունեություն ձեռնարկելը: Ես խոսում եմ հենց մեր վարչական տարածքի վարելահողերի մասին, որ ո՛չ իրենց տարածքում է, ո՛չ չեզոք գոտում: Անգամ գյուղում դա վտանգավոր է դարձել: Մենք պետք է ամբողջությամբ հրաժարվենք մեր տնտեսությունից, քանի որ մեր արոտավայրերը խառնվում են իրենց տարածքին, անիմաստ է կով պահելը, քանի որ կովը, ոչխարը 1-2 կմ-ով գնում է, իսկ դա արդեն իրենց սահմանն է: Այսինքն՝ գյուղացին ապրելու է վտանգի մեջ, իսկ այսօր պետությունը չի երաշխավորում մեր անվտանգությունը: Ես չեմ պատկերացնում՝  ո՞նց է լինելու»,- ասաց նա:

Նարե Ղազարյանի խոսքով՝ այս պահին սահմանը պահում են գյուղացիները, կանոնավոր բանակ այնտեղ չկա:

«Մինչև վերջ էլ պատրաստ են, բայց այսպես շարունակվել չի կարող: Մեր գյուղի հիմնական պահանջն այն է, որ հասկանանք՝ վերջապես ե՞րբ է պետությունը մի կանոնավոր բանակ ուղարկելու մեր թիկունքը պահելու համար: Գյուղացիները պահում են, բայց նախ՝ քիչ են քանակով, հետո էլ՝ մեծամասնությունը տարեց մարդիկ են, երիտասարդները քիչ են: Տարեցներն էլ են զենք վերցրել, գնացել սահման են պահում, էլի ենք պահելու, էլի ենք շարունակելու ամուր պահել, բայց գոնե մի թիկունք ունենանք, սենց չի լինի»,- ասաց Ղազարյանը:

Այսօր այս խնդիրների բարձրաձայնման համար Սյունիքի բնակիչները փողոցներ էին փակել: Նրանց հետ հենց փողոցում հանդիպման էր եկել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Շիկահողի գյուղապետը նաև նրան հարցրեց, թե ե՞րբ է կանոնավոր բանակ գալու իրենց սահմանները պահելու:

«Մարզպետին հարցրի՝ ե՞րբ է գալու կանոնավոր զորք, ինքն ասեց՝ վաղը: Ես սպասում եմ իր «վաղվան», որ վաղը կանոնավոր զորքը չգա, մյուս օրը գնալու եմ իր դուռը թակեմ, հարցնեմ՝ ո՞ւր է այդ կանոնավոր բանակը: Ես հասկացա, որ ինքը պահի ազդեցության տակ ասեց՝ վաղը, որովհետև դա անհնար է, բացառվում է, որ վաղը զորք գա, համենայն դեպս, սպասենք, միգուցե և գա»,- ասաց Նարե Ղազարյանը:

Մեր հարցին, թե մինչև այսօր ո՞ւմ են դիմել ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար և ի՞նչ պատասխան են ստացել, Շիկահողի գյուղապետը պատասխանեց, որ խնդիրը քննարկել են Կապանի համայնքապետի հետ:

«Մինչև այս խնդիրն անընդհատ բարձրացնում էինք, համայնքապետի հետ էինք քննարկում, փորձում էինք հասկանալ, հույս ունեինք, որ չի հասնի սրան, որ մեզ ասեն՝ հետ նահանջեք: Եթե իմանայինք, որ այդպես է, սկզբից էլ այնտեղ չէինք կանգնի, 2.5 ամիս է պայքարում ենք, որ հետ չնահանջենք, բայց այսօր եկան մեզ ասեցին, որ պետք է հետ նահանջենք, ստացվում է, որ մեր պայքարն անիմաստ է եղել: Հենց սկզբից նահանջեինք, գայինք մտնեինք մեր տները, էլի, իմաստը ո՞րն էր 2.5 ամիս էդ դիրքերը պահելու: Չէինք պատկերացնում, որ այդ օրը գալու է, և նահանջի հրաման է լինելու, հեռավորություն էլ չի պահպանվելու: Համայնքապետին էլ չէին ասում, թե ինչ կլինի, համայնքապետն էլ սպասողական վիճակում էր, սպասում էինք, որ հասկանանք՝ ի՞նչ է լինելու վերջը, ուղղակի հույսով, որ մինչև այս պահը ճիշտ դիվանագիտություն կվարվի, հույսներս դիվանագիտությունն էր, որ գոնե էս ամեն ինչին չի հասնի, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ղազարյանը և ավելացրեց, որ մարզպետը խոստացել է համայնքապետերի հետ ժողով անել, հարցին լուծում տալ:

«Գոնե չեզոք գոտի մնա, սպասենք դրան, դա է միակ հույսներս»:

Հարցին, թե այն տարածքում, որտեղ հիմա կանգնած են մեր սահմանապահները, կա՞ն համապատասխան ենթակառուցվածքներ, փորված դիրքեր, Շիկահողի գյուղապետը պատասխանեց.

«2.5 ամսում մեծ ծախսեր են կատարվել, մեծ աշխատանքներ, թե՛ ֆիզիկական, թե՛ նյութական, համապատասխան տեղեր ենք սարքել՝ բլինդաժներ, խրամատներ, այնտեղ, որտեղ ներկա պահին ենք, հիմա մեզ ասում են՝ էդտեղից նահանջեք, այսինքն՝ մենք հետ ենք գալիս զրոյական դիրքեր, որտեղ ոչ մի բան արված չի, որտեղ մենք պետք է 0-ից սկսենք նախապատրաստվել, ապահովել տղաների համար ամեն ինչ, իսկ էդ պատրաստի տարածքները, ճանապարհները բացված, սարքված՝ պետք է զիջենք թուրքերին: Վաղը մինչև 17:00-ը ժամանակ են տվել, որ մենք պետք է կարողանանք հետ քաշվել: Մարդիկ ինչ ասես տարել էին այնտեղ, ապրում էին այնտեղ: 2.5 ամիս սահմանի վրա բնակություն էին հաստատել մեր տղաներն իրենց ամեն ինչով: Հիմա ընդամենը ժամերի ընթացքում պետք է հասցնեն թե՛ զենք- զինամթերք, թե՛ ամեն ինչ իջեցնեն ներքև»,- ասաց Ղազարյանը:

Շիկահողի գյուղապետը պնդեց, որ իրենց գյուղից գնալ չեն պատրաստվում:

«Մենք թասիբով սյունեցի ենք, թասիբով շիկահողցի ենք, ուզում ենք մնանք մեր տարածքում, չենք ուզում զիջենք, չենք էլ զիջելու, հարցը դա չի, բայց անվտանգության երաշխիք չկա: Մենք էլի մնալու ենք, չենք պատրաստվում լքել, եթե պիտի մեռնենք, մենք մեր հողում ենք մեռնելու»,- ասաց Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս