«Ինչքան կա Նիկոլը, մենք լսում ենք, որ նա մեկ սրա մարդն է, մեկ նրա մարդն է, այդ մարդը ծառա է իր բնությամբ». Դավիթ Սահակյանց
«Քովիդը և պատերազմը, կարծում եմ, շատ բան փոխեցին». այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:
«Ցավում եմ, որ նման իրադարձություններն արթնացրին ժողովրդի զգացմունքներ, այն հիասթափությունը, որը շատ վաղուց պետք է լիներ դեպի իշխանություն, շատ մեծ գին վճարեցինք, որ մարդիկ հասկանան, թե ի՞նչ է կատարվել, և ո՞վ է եկել իշխանության»,- ասաց Սահակյանցը:
Ռեժիսորը նշեց, որ իր շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, որոնք 2018 թվականին աջակցել են այս իշխանությանը, սակայն հիմա փոշմանել են և ներողություն են խնդրում: Անդրադառնալով իշխանությունից հնչող տեսակետներին, թե կարևոր չէ՝ Արցախն ում հողն է, պատերազմն ով է սկսել, կամ Նիկոլ Փաշինյանի կասկածելի հարցադրմանը, թե՝ «90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով», Սահակյանցն ասաց.
«Երբ խոսում են 30 տարվա մասին, թե ի՞նչ էր տեղի ունենում երկրի ներսում, փորձում են խուսափել էն ամեն ինչից, ինչ կատարվում էր դրսից ներգրավված ուժերի կողմից: Անկախության հռչակման հենց առաջին օրվանից, կարծում եմ, 1 րոպե անց, արդեն եղել են ուժեր, մասնավորապես՝ թուրքական ուժեր, ովքեր ուզեցել են մեր անկախանալու փաստն օգտագործել ի շահ իրենց, մեթոդիկ աշխատել են, կարծում եմ՝ մաքսիմալ վերբովկա է եղել, բացի նրանից, որ բացահայտվում է, դեռ ժամանակը ցույց կտա: Համոզված եմ, որ, թաքնված և ոչ այնքան թաքնված, մենք բավականին թշնամի ազգի ներկայացուցիչներ ունենք՝ ազգանունները կամ անձնագրերը փոխված, այդպիսի մարդիկ, համոզված եմ, որ կան, հեչ պարտադիր չէ, որ հենց պատերազմից առաջ այդ 1000 անձնագիրը բաժանվեր, դա կարող էր լինել վերջին 30 տարվա ընթացքում»,- ասաց Սահակյանցը:
Հարցին, թե ինչո՞ւ են հնչում նման հայտարարություններ, դա արվում է գումարի՞ դիմաց, թե՞ ուղղակի կան մարդիկ, որոնք իսկապես ունեն նման արժեհամակարգ, ռեժիսոր մուլտիպլիկատորը պատասխանեց.
«Կարծում եմ, որ բոլոր նշվածները տեղ ունեն: Նախ՝ ամենաթույլ մասը մեր դարում գումարն է, որի համար մարդիկ պատրաստ են գրեթե ամեն ինչի, այդպիսի մարդիկ, ցավոք, կան: Կան իսկապես Նիկոլ Փաշինյանի գաղափարները կիսող մարդիկ, կան մարդիկ, ովքեր կուրորեն հավատում են, որ նա մտածում է իրենց մասին և ցանկանում է լավ կյանք հենց իրենց: Ես կարող եմ միայն հիասթափեցնել, այդ մարդն առաջին իսկ օրվանից երբևէ չի մտածել թեկուզ այն մարդկանց մասին, ովքեր գնացել քվեարկել են իր օգտին, նա ուներ իր նպատակները: Նիկոլ Փաշինյանը երբևէ չի մտածել ո՛չ բանակի, ո՛չ հասարակ մարդու մասին, նա ունեցել է միմիայն իր շահը: Դժվար է գնահատական տալ և հարգանք ունենալ մի մարդու նկատմամբ, ում մասին միշտ լսում ես, որ նա ինչ-որ մեկի մարդն է: Ինչքան կա Նիկոլը, մենք լսում ենք, որ նա մեկ սրա մարդն է, մեկ նրա մարդն է, այդ մարդը ծառա է իր բնությամբ: Ո՞նց եք գնում այդ մարդու հետևից, ո՞նց եք իրենից պաշտոն վերցնում, ո՞նց եք դուք իրեն բարևում ու «պարոն վարչապետ» ասում, ո՞նց եք դուք գնում այդ նիստերին»,- ասաց Սահակյանցը:
Ռեժիսորի համար պարզ է նաև այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են պատգամավորներն անընդհատ պարգևավճարներ ստանում․
«Փաշինյանին անընդհատ պետք են մարդիկ, որոնց բերանը կարող է փակել գումարով, և որոնք կխոսեն ի հաճո ներկայիս իշխանության՝ ունենալով հնարավորություն կուտակել այն ամենը, ինչ կհասցնեն»:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին խոսակցություններին՝ ռեժիսորն ասաց, որ սա գլոբալիստների ժամանակավոր հաղթանակն է, որը մարդկանց դարձրել է սպառողական հասարակության մի մաս:
«Հասարակությունը չի ուզում այլևս աշխատել, ուզում է ուղղակի օգտվել բարիքներից, որ աշխարհը տալիս է, իրեն արդեն մեկ է՝ դա թուրքական ապրանք է, չինական, ռուսական, թե նույնիսկ ադրբեջանական: Սպառողական հասարակությունն ամենուրեք է, ուղղակի մեր դեպքում շատ ցավալին այն է, որ ուժեղ ու հարուստ խաղացողները, ինչպիսին են Թուրքիան և Ադրբեջանը, օգտվում են դրանից»,- ասաց նա:
Սահակյանցը նշեց, որ հնարավոր առևտրի հետ մեկտեղ՝ մեր թշնամիները շարունակում են սպանել մեր զավակներին, ինչը շատ մարդիկ չեն տեսնում:
«Նրանք հիմա համոզված են, որ բայրաքթարներն էլ չեն գալու: Նրանք նույն ձևով համոզված էին սեպտեմբերի 26-ին, որ երբևէ թուրքական բայրաքթարները չեն գալու, ասում էին՝ նախկիններ, հներ, հետամնացներ, դուք մեզ վախեցնում եք՝ ասելով նման բաներ, արի ու տես, որ եղավ էդ ամեն ինչը: Հիմա էլ որ զգուշացնում ես, որ ավելի մեծ արհավիրքի կարող ենք արժանանալ, էլի շարունակում են ասել, որ ամենավատն արդեն եղել է, էլ դժվար ավելի վատ բան լինի»,- ասաց Սահակյանցը:
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին Դավիթ Սահակյանցն ասաց, որ եթե այդ մասին անգամ զինվորականներն են լռում, ապա ի՞նչ կարելի է սպասել հասարակությունից: ՊԲ նախկին հրամանատարի՝ նոր պաշտոն ստանալու փաստը Սահակյանցը մեկնաբանեց.
«Չեմ ուզում կոնկրետ մեղադրանք հնչեցնել, բայց կարծում եմ, որ ամեն ինչը ձևավորվում է գումարի չափով: Ֆուտբոլում նման բան կա՝ երբ ուզում ես ինչ-որ խաղ առնել, առնում ես առանցքային խաղացողներին՝ դարպասապահին կամ թիմի ավագին, դրանով ամբողջ թիմը քանդվում է։ Հետո է պարզվում, որ խաղը ծախված է եղել, այդ պահին նա ասում է՝ ես ինձ վատ էի զգում, ոտքս էր ցավում: Վախենամ, որ նման պատմություն եղել է մեր գեներալիտետի դեպքում»,- ասաց Սահակյանցը:
Սահակյանցը նաև հիշեցրեց, որ Արցախի այն բոլոր տարածքները, որտեղ ֆոտոշարք է ունեցել Աննա Հակոբյանը, հիմա հանձնված են:
«Ինձ թվում է՝ դա Աննա Հակոբյանի ամբիցիան էր՝ «ես կլինեմ այն վերջին կինը, որն այդտեղ լուսանկար կունենա», նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք գիտեինք, որ պատերազմ լինելու է»,- ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։