«Սա հայի ձեռքով ցեղասպանություն է․ ժողովրդական ցասում է անհրաժեշտ»․ Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների հակահայ հայտարարությունները հստակ հարցեր են լուծում։

«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ սկզբից ևեթ միտումնավոր, շատ լավ կազմակերպված նուրբ քայլերի քաղաքականություն է տարվում, հիմա իրենք ուղղակի այս ծրագրի իրականացման այն փուլում են, որտեղ արդեն կարող են իրենց հակահայ, հային ոչնչացնող տեսակետները միջազգայնացնել և աշխարհին ներկայանալ, որ՝ մենք բավարարված ենք, պահանջներ չունենք, մենք թուրքին շատ ենք սիրում։ Դա նաև ունի հակառակ էֆեկտը, այնպես չէ, որ դա միայն դրսի լսարանին է ուղղված․ նրանք խաղում են ժողովրդի՝ խաղաղության մեջ ապրելու բնական ցանկության վրա։ Մարդիկ բոլորն էլ ուզում են խաղաղության մեջ ապրել, բայց մարդիկ չեն գիտակցում, որ այս պայմաններում խաղաղություն հաստատ չի լինելու, որ 2021 թիվը ավելի վատն է լինելու՝ բոլոր տեսակետներից, քան 2020թ․։ Այս տեսակետը մենք լսում ենք, որ մարդիկ ասում են՝ դե լավ, էլի, ոչինչ, ասենք՝ էս մի գյուղը՝ այսպես, էն մյուս գյուղը՝ այնպես, կարևորը՝ տեսեք՝ կանգ է առել, խաղաղություն է, սրա վրա են խաղում, և սա ոչնչացնող քարոզչություն է, շատ նրբորեն արվում է, նոր ասեկոսեներ են տարածվում։ Ես այսօր լսել եմ ասեկոսե, որ մարդկանց ինչ-որ մի շերտ հնարավոր է համարում, օրինակ՝ ասում են՝ Հադրութը Քոչարյանն առել է․ այդպիսի անհեթեթություն, բայց ինչ-որ մարդիկ սկսում են այդ ուղղությամբ մտածել, մանավանդ, որ այդ միֆը, որ Քոչարյանը Աստված գիտի՝ ինչ կարողություններ ունի, ամեն ինչ կարող է անել, տարածվել է։ Այսինքն՝ նույն պրոյեկտը իրենք իրականացնում են, իրենք իրականացնում են հային և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն ոչնչացնող ծրագրի հերթական փուլը, պատահական ոչինչ չկա։ Սրանք բոլորը իրենց ինստրուկտաժներն օվկիանոսի այն կողմից ստանում են և իրականացնում են՝ ժողովրդին մոլորության մեջ գցելով, խեղճացնելով, «ժող» դարձնելով։ Իմ կարծիքով՝ սա հայի ձեռքով ցեղասպանություն է՝ իր բոլոր օրենքներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ Հայաստանում իրենց գործակալների միջոցով թուրքական, անգլոսաքսոնական ուժերը՝ հատուկ ծառայությունների ջանքերով, մեթոդապես հայ ազգին տանում են դեպի ոչնչացում։

«Մենք պետք է հասկանանք՝ այս պայմաններում մեր թույլ կետը ո՞րն է։ Հասկանալի է, որ սրանցից պետք է ազատվել, հետո նոր մտածել փրկության, առաջ գնալու մասին։ Այստեղ շատ կարևոր են հասարակության մեջ առկա դիրքորոշումները, որովհետև ըստ էության, մենք չենք կարող հասնել այս խամաճիկային ռեժիմի հեռացմանը և նրանց պատասխանատվության ենթարկելուն, եթե ժողովրդական տրամադրությունները ճնշող մեծամասնությամբ ադեկվատ չդառնան։ Այսինքն՝ ժողովրդի ինչ-որ մի շերտին ադեկվատ դարձնելու խնդիր ունենք։ Իմ դիտարկումներով՝ հասկացող, ճիշտ գնահատականներ տվող մարդիկ, իրենց սխալն ընդունող մարդիկ արդեն որոշակի մի շերտ կազմում են մեզ մոտ, բայց այն մյուսը կա, և դա խանգարում է, որպեսզի լիարժեք պրոցեսներն առաջ գնան։ Մեր թույլ կետը սա է։ Մենք պետք է աշխատենք ժողովրդական զանգվածների այդ շերտի վրա։ Այստեղ կան մեխանիզմներ։ Տեսեք՝ մենք ասում ենք՝ իրենք խելացի մեխանիզմներով աշխատում են․ մենք էլ պետք է խելացի մեխանիզմներով աշխատենք։ Որոշակի լրատվամիջոցներ իրենց գործը անում են, օրինակ՝ դուք, մյուսը-մյուսը, դա անպայման իր արդյունքը տալիս ա, բայց կան նաև ավելի նուրբ ձևեր։ Տեսեք՝ իրենք ասեկոսեներ տարածելով՝ աշխատում են։ Այլ ձևեր էլ կան, որ պետք է ժողովրդի թույլ օղակը կարողանանք ուժեղացնել, որ որակ ստանանք։ Թե չէ՝ դեռևս համամասնությունն այնպիսին չէ, որ որակ ստանանք»։

Հոգեբանը շեշտեց՝ պրոցեսը դանդաղ է տեղի ունենում՝ արագացնելու խնդիր ունենք․ «Ես շատ մարդկանց հետ եմ շփվում և չեմ տեսել մի մարդու, որ այս իրավիճակից գոհ լինի, որ կառավարվող ուղեղի վիճակում լինի, դուրս ենք գալիս, բայց շատ դանդաղ ենք դուրս գալիս, այնպես որ՝ ժողովրդական ցասումն անհրաժեշտ է՝ մեր հարցերը լուծելու համար։ Ժողովրդական ցասումին մենք պետք է հասնենք։ Հայրենիքի փրկությամբ զբաղված մարդիկ շատ մեծ և շատ նուրբ անելիքներ ունեն։ Թույն է ներարկված մեր մեջ, տարիների ընթացքում, հատկապես՝ վերջին տարիների ընթացքում, թույնը ներարկված է, մեր օրգանիզմը ներծծված է այդ թույնով՝ ամենատարբեր ասպարեզներում, մեթոդական լավ ապարատներ օգտագործելով։ Նրանք ստոր միջոցներ են կիրառել՝ այդ վիճակին հասցնելու համար։ Հիմա պետք է նուրբ, հոգեբանական, տեղեկատվական ազդեցություններ օգտագործելով՝ կամաց-կամաց ինքնամաքրվենք, որպեսզի գոյություն ունենանք»։

Հիշեցնենք, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք համարող Նիկոլ Փաշինյանը Շուշիի վերաբերյալ մեկ այլ դժբախտ և դժգույն հայտարարություն էր արել՝ ասելով․ «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։ Հետո փորձեց պարզաբանել՝ ասելով, թե իր իր ձևակերպումը ոչ թե՝ Շուշիի ծագումնաբանությանն էր վերաբերում, այլ՝ կարգավիճակին, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք։

Իմքայլական Անուշ Բեղլոյանն էլ «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայ հայտարարություններ․ «Մենք  պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»: Նա նաև կոչ է արել բոլորին՝ լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը, որոնք, ըստ պատգամավորի՝ հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար: Անուշ Բեղլոյանն էլ փորձեց պարզաբանել իր ասածները՝ պնդելով, թե դրանք կոնտեքստից կտրվել են, բայց այդպես էլ հստակ չներկայացրեց, թե ի՞նչն է կոնտեքստից կտրված։

Այս երկու օրինակով իշխանությունների հակահայ հայտարարությունները, իհարկե, չեն սահմանափակվում, նրանք իրենց տարբեր հարցազրույցներում փորձում են հանրությանը հրամցնել, որ հայկական կողմը պարտվել է, պետք է հաշտվի այդ պարտության հետ և պատրաստվի խաղաղ համակեցության թուրքերի և ադրբեջանցիների հետ, որոնք այս օրերին Հայաստանի սահմաններից 60 կմ հեռավորության վրա զորավարժություններ են անցկացնում, իսկ Սյունիքի ճանապարհներին սպառնում կտրել հայերի գլուխները։

Տեսանյութեր

Լրահոս