Չգիտեմ՝ ինչ են մտածում, երբ նման օրենքներ են ընդունում. ավտոներկրողը՝ մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի վերաբերյալ օրենքի մասին
Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 83 «կողմ» ձայնով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում էր լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերին կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառք կամ վարձույթ, և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների»:
Օրինագծով առաջարկում էր այդ «շուկաները» տեղափոխել այլ վայրեր, որոնք նախատեսված կլինեն համայնքի կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից, կհամապատասխանեն օրինագծի չափանիշերին, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ ավտոներկրողներն իրականում «կրակը» չեն ընկնելու այս փոփոխությունից հետո:
«Եթե որոշ տեղերում արդեն կայանած են մեքենաները, ենթադրում եմ, որ դրա վերահսկողությունը գրեթե անհնար է լինելու, ու ինչպես կա, այնպես էլ մնալու է, սակայն Կենտրոնի մի շարք հատվածներում, կարծում եմ՝ կփորձեն կարգավորել, վերահսկել:
Իմ կարծիքով՝ որտեղ մեքենաները կայանած են, այն կդառնա մեքենա վաճառելու տեղ, համայնքը կշահի՝ ինչ-որ գումար գանձելով»,- 168.am-ի հտ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
Ավտոներկրող Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ՝ սա չաշխատող օրենք է:
«Մեքենաները շարունակելու են էլի կայանած մնալ, ուղղակի, որ վրան փակցված է՝ վաճառվում է, դա մարդիկ հանելու են, հեռախոսահամար գրեն: Չգիտեմ՝ ինչ են մտածում, երբ նման օրենքներ են ընդունում»,- նշեց ավտոներկրողը:
Զոհրաբ Իգիթյանն էլ, շարունակելով գործընկերջ խոսքը, հայտնեց, որ մեքենաները տեղ չկա կայանելու, դրա համար մայթեզրերին են թողնում:
Հարցին՝ ինչո՞ւ չեն տանում ավտոշուկաներ, վերջինը պատասխանեց.
«Ինչքա՞ն գողություններ եղան ավտոշուկաներում: Վերջերս էլ սկսել են մասսայաբար մեքենաների անվադողերը գողանալ: Հիմա իմ մեքենան և՛ վարում եմ, և՛ վաճառում, վճարել եմ նաև կայանատեղիի գումարը: Ո՞վ կարող է գալ ու իմ մեքենան հանել»:
Նա հայտնեց նաև, որ գործող ավտոշուկաներում, իր տեղեկությամբ՝ գներն օրական տատանվում են 500-2000 դրամի սահմաններում: