Բաժիններ՝

Խաղ խաղացողից՝ խաղ ստեղծող․ Օնիկ Հակոբյան

Երեխաները, մանկական հետաքրքրությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ Օնիկ Հակոբյանի օրինակով։

Օնիկ Հակոբյանը Գավառից է, 12 տարեկան։ Սովորում է Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում։ Հաճախում է  դպրոցի «Արմաթի» ռոբոտաշինության խմբակ։

«Ես սկսեցի հաճախել 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից։ Ինձ ինչ-որ բան ձգում էր այնտեղ, սակայն շատ զբաղված էի, քանի որ հաճախում եմ արվեստի դպրոց, միաժամանակ վոկալի, դաշնամուրի և այլն։ Բացի այդ, մասնակցում էի շատ մրցույթների և ծրագրերի։ Մտածում էի, որ չեմ հասցնի ամեն ինչ համատեղել։ 1-2 դասի մասնակցելուց հետո զգացի, որ ես կարող եմ  ինչ-որ բանի հասնել, քանի որ ուսուցչուհիս՝ Ալեքսանյան Հերմինեն, ամեն ինչ շատ լավ էր մատուցում։ Չէի էլ պատկերացնի, որ պետք է անեի աշխատանքներ, որոնք մեծ արձագանքի կարժանանային։ Ընկերներս հաճախում էին խմբակ, և ես ինքս ինձ հարց էի տալիս, թե կարո՞ղ եմ նրանց նման ինչ-որ բան անել։

Այժմ խաղ խաղացողից դարձել եմ խաղ ստեղծող, և երբ խաղեր եմ խաղում, գտնում եմ տարբեր ալգորիթմներ, որոնք կիրառում եմ իմ խաղերում։

Հիմա ուսումնասիրում եմ եռաչափ մոդելավորում և առաջիկայում պատրաստվում եմ մոդելավորել իմ ապագա առանձնատունը»։

Որքան էլ զարմանալի թվա, կորոնավիրուսն օգնեց Օնիկին, քանի որ մի քանի ամիս խմբակ հաճախելուց հետո Օնիկը ստիպված էր տանը մնալ։ Այս ընթացքում նա շատ տեսանյութեր էր դիտում  ռոբոտաշինության մասին և մասնակցում էր օնլայն դասընթացների։

«Դասընթացներն իրենց արդյունքներն անմիջապես տվեցին։ Այս ընթացքում ստացել եմ վկայականներ The Hour of Code-ից՝ ճիշտ և անթերի աշխատանքի համար։ Հետո փորձեցի powerbank պատրաստել։ Սկզբում տնեցիների մոտ մտավախություն կար, որ ինձ կվնասեմ, կամ չեմ կարողանա։ Բայց իմ մեջ կարծես խոսում էր ուրիշ Օնիկ, որն ասում էր, որ պետք է փորձեմ նոր գաղափարների իրագործմամբ զբաղվել։ Ցույց տվեցի ուսուցչուհուս, նա հիացավ և ողջունեց ինձ։ Նա ոգեշնչեց ինձ, որ հաջորդիվ ձեռնամուխ լինեմ գաղափարներս կյանքի կոչելուն։ Այսպես փոքրիկ քայլերով սկսվեց իմ մուտքը ՏՏ ոլորտ։ Դրան հաջորդեց լուսարձակիչը, մոտոցիկլը, փոքրիկ մեքենան և այլն»։

Օնիկի ուսուցչուհին նրա աշխատանքները տեղադրում է համացանցում, ինչը մեծ արձագանքի է արժանանում։ Այնուհետեև Օնիկը սկսում է ավելի խորանալ և ավելի մեծ բաներ պատրաստել, օրինակ՝ նավը, մագնիտոֆոնը և այլն։ Օնիկին զարմացնում է այն, որ իր պատրաստած իրերի տեսանյութերը շատ դիտումներ են ունենում և մեծ արձագանքի են արժանանում, քանի որ ի սկզբանե նա մտածում էր, որ դրանք հեշտ բաներ են։ Բայց հետո նրա համար պարզ է դառնում, որ ոչ բոլորն են կարողանում նման բաներ անել։ Նա իր տեսանյութերը տեղադրում է ոչ միայն Facebook-ում, այլ YouTube-ում.

«Շատ հաճելի է, երբ բացում եմ էջերս և տեսնում, որ այնտեղ շատ են դրական մեկնաբանությունները այն մարդկանց կողմից, ում չեմ ճանաչում»։

Օնիկը գերազանց առաջադիմությամբ սովորում է 6-րդ դասարանում և հաճախում է արվեստի դպրոց, բայց, միևնույն է, նշում է, որ քիչ ժամանակում էլ փորձում է նոր գաղափարներ գեներացնել և նոր մտահղացումներ կյանքի կոչել։

Օնիկը կարծում է, որ իր հասակակիցները տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է կյանքի կոչեն իրենց մտքում առաջացած գաղափարները։

«Պետք չէ վարանել։ Մարդու համար չկա բան, որ նա չկարողանա։ Կա ցանկություն և մինչև վերջ գնալու ձգտում։ Հիասթափությունը կամ պարտությունը նոր ճանաչման, նոր կյանքի և մեծ հաջողության բանալին են։ Եթե նախագիծը պատրաստման փուլում չի ստացվում, պետք չէ հուսահատվել, և շարունակել կամ նորից անել՝ անպայման կստացվի։ Չկա մարդ, որը չունենա տաղանդ, այն կբացահայտվի փորձերի և աշխատանքի ընթացքում»։

Օնիկը արդեն իրեն չի պատկերացնում ՏՏ ոլորտից դուրս և ցանկանում է դառնալ լավագույններից մեկը։ «Ես ուզում եմ դրսում էլ ներկայացնել Հայաստանի որակը։ Եթե ես լավ և որակով մասնագետ դառնամ, դա իմ երկրի որակը կլինի»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս