«Կարիք չկա այդ հարցը տալու՝ ամեն ինչ մարդու քայլերից է կախված». Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվը՝ հայտնի միջադեպի մասին
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ, սակայն այցն ավարտվել էր Սիսիանում, քանի որ սյունեցիները փակել էին նրա ճանապարհը՝ թույլ չտալով գնալ Կապան, Գորիս և այլ վայրեր։ Սիսիանում նա այցելել էր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ տեղի քահանան՝ Տեր Պարգև Զեյնալյանի չէր սեղմել նրա պարզած ձեռքը։
Այս միջադեպից հետո համացանցում և համացանցից դուրս մեկ շաբաթ շարունակ հայտարարություններ էին հնչում, ըստ որի՝ քահանան չպետք է Նիկոլ Փաշինյանի հետ նման կերպ վարվեր, այդ պատճառով էլ պետք է ստանա իր արժանի պատիժը։ Այս սպառնալից հայտարարություններից հետո մի խումբ անձինք լուսանկար տարածեցին քահանայի հետ՝ նշելով, որ պաշտպանելու են նրան ցանկացած սադրանքից։
168.am–ը Տեր Պարգև Զեյնալյանից հետաքրքրվեց՝ որևէ ճնշում այս ընթացքում իր վրա եղե՞լ է, շարունակո՞ւմ է իր հոգևոր ծառայությունը նույն եկեղեցում։
«Նույն եկեղեցում իմ հոգևոր ծառայությունը շարունակում եմ մատուցել։ Այդ միջադեպից հետո որևէ բան տեղի չի ունեցել, չեն փորձել ինձ ահաբեկել կամ այլ սադրիչ գործողություններ անել»,- նշեց քահանան։
Նա նաև ընդգծեց, որ միջադեպի հետ կապված՝ Վեհափառի կամ կաթողիկոսարանի կողմից եղած մեսիջը ոչ միայն իրեն էր ուղղված, այլև ամբողջ ազգին։
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին այցելի նույն եկեղեցի, դարձյալ նույն քայլին կդիմի՞, Տեր Պարթևը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարիք չկա այդ հարցը տալու, ամեն ինչ մարդու քայլերից է կախված, նայած, թե այդ մարդն ինչ կանի»։
Նշենք, որ միջադեպի առանչությամբ հայտարարություն էր տարածել Սյունիքի թեմի հագևոր առաջնորդ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը՝ նշելով, որ քահանան, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ, և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։