«Քոչարյանն ու Փաշինյանը համաձայն կլինեն, որ պայքարն ընթանա իրենց երկուսի միջև». վերլուծաբան

Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մի խումբ կուսակցություններ հայտնել են, որ, եթե արտահերթ խորհրդանական ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա իրենք չեն մասնակցի:

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ 3 լրատվամիջոցի տված իր հայցազրույցում, պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին, ասաց՝ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ, «մասնակցելու ենք և կրելու ենք»:

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այսօրվա քննարկման ժամանակ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ասաց, որ նախ պիտի մենք արձանագրենք, որ այսօրվա խորհրդարանը ձևավորվել է բացարձակապես այլ Հայաստանում, այլ երկրում: Հայաստանում գրեթե ամեն ինչ փոխվել է, փոխվել է անվտանգային համակարգը, տնտեսությունը, անգամ սահմանները․․․

«Դա ուրիշ Հայաստանում ձևավորված խորհրդարան է, որը բացարձակապես որևէ կապ չունի ո՛չ այսօրվա իրողությունների հետ, ո՛չ այսօրվա մարտահրավերների հետ»,- նշեց նա:

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ եթե չձևավորվի 3-րդ բևեռ, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մրցակցությունը կլինի Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը, ըստ վերլուծաբանի, ձեռնտու կլինի երկուսին էլ:

«Ըստ էության, ընտրությունների արդյունքները և գործող իշխանությունների ստանալիք ձայները կախված են ոչ թե նրանից, թե հասարակության որ մասն է աջակցում Նիկոլ Փաշինյանին, այլ ավելի շատ կախված են լինելու նրանից, թե ովքեր են լինելու իշխանությունների հիմնական ընդդիմախոսները, որն է լինելու հիմնական ընդդիմադիր ուժը: Եվ այստեղ ես համարյա վստահ եմ, մեծ հավանականություն կա, որ այնուամենայնիվ կձևավորվի 3-րդ բևեռ, և այնպես չի, որ մրցակցությունը կլինի միայն Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Եվ այստեղ պիտի նշեմ, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը միասնաբար պայքարելու են 3-րդ բևեռի ձևավորման դեմ, որովհետև այն իրավիճակը, երբ հիմնական պայքարողները կլինեն, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը, երկուսին էլ ձեռնտու է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ օդում կախված լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, թալանել է և այլն, չնայած այդպես էլ ոչ ապացույցներ գտնվեցին, ոչ այդ գումարները գտնվեցին, Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին՝ հայտարարում է, որ՝ օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինչ-որ գումարներ է վերցրել, գործել է՝ որպես օտարերկրյա գործակալ: Այսինքն՝ այս առումով մեկը մյուսին մեղադրելու շատ լուրջ քարոզչական թեզեր կարող են շրջանառության մեջ դնել, և հիմնական հարցը երկրորդ պլան կմղվի: Իսկ հիմնական հարցն է, թե այնուամենայնիվ ինչպես պիտի երկիրը դուրս բերել այս վիճակից, ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով, ինչ ճանապարհային քարտեզով և ինչ կադրային թիմով: Եվ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը համաձայն կլինեն, որ պայքարն ընթանա իրենց երկուսի միջև»։

Վերլուծաբանի խոսքով՝ նման զարգացման դեպքում, երբ հիշյալ երկու բևեռները պայքարեն իրար դեմ, կունենանք թույլ իշխանություն, թույլ ընդդիմություն, անորոշություն ու չենք ունենա ապագայի նկատմամբ որևէ լուրջ ծրագիր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս