«Yerevan Today» կայքի լրագրողին թույլ չեն տվել մտնել խորհրդարան Արման Աբովյանի հատկացրած անցաթղթով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր անցաթուղթ էր հատկացրել «Yerevan Today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանին, որին անհայտ պատճառներով ԱԺ-ն այս տարի չէր հավատարմագրել։ Սակայն լրագրողին անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել մտել ԱԺ շենք, միջամտել էր նույնիսկ Արման Աբովյանը, սակայն ապարդյուն։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ բոլորն էլ տեղյակ են, որ եթե լրագրողը հավատարմագրված չէ ԱԺ-ում, ապա նա դիմում է պատգամավորին և անցաթղթով մտնում է խորհրդարան։
«Այստեղ ես խնդրի բուն էությունը չեմ հասկանում։ Այո, ես անցագիր եմ իջեցրել, և ինչ-որ խնդիրներ են առաջացել։ Կարծում եմ՝ աշխատակազմի հետ էլ պետք է պարզենք, թե ինչ խնդիր կա, ես դեռ բացատրություն չեմ ստացել»,- ասաց Արման Աբովյանը։
Փորձեցինք նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից ճշտել, թե ինչ հիմնավորմամբ են արգելել լրագրողի մուտքն ԱԺ: Մեր հարցին ի պատասխան՝ Տիգրան Գալստանն ասաց, որ արձակուրդում է, և մանրամասներին տեղյակ չէ, բայց ինչպես իրեն փոխանցել են՝ լրագրողին խորհրդարան մուտք գործելու համար թույլտվություն իջեցվել է, բայց այդ ժամանակ արդեն լրագրողն անցագրային կետում չի եղել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում