«Բերեք այն գյուղացուն, ով անտոկոս վարկ է ստացել: Նման բան չկա, դա բլեֆ է». Հրաչ Բերբերյան
«Պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ՝ 80-100 միլիոն ԱՄՆ դոլարի: Մոտ 3000 հեկտար այգի ենք կորցրել, մոտ 50.000 հա ցորենի ցանքատարածություն, 200 հա սոխի ցանքատարածություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«100.000 տոննա ցորեն 3-4 տարի ներկրում էինք Լեռնային Ղարաբաղից, իսկ հիմա ստիպված պետք է մոտ 15-20 միլիոն դոլար ավելի ծախսենք, որ դրսից ցորեն ներկրենք: Նույնը մրգի հետ կապված: Մենք նռան հոյակապ այգիներ ունեինք: Միայն մեր միավորումը սոխի 200 հեկտար ցանքատարածություն է կորցրել: Կարծում եմ՝ վազող, քայլողների կուսակցությունը սրա համար պետք է պատասխան տա»,- նշեց նա:
Հրաչ Բերբերյանն ընդգծեց՝ գյուղատնտեսական տարին սկսվում է, սակայն գյուղացին ոչնչով ապահովված չէ:
«Բերեք այն գյուղացուն, ով անտոկոս վարկ է ստացել: Նման բան չկա, դա բլեֆ է: Պարոն Ավինյան և մյուս փոխվարչապետ, Դուք ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանը հայտնեց՝ լավ նորություն ունի՝ իր գյուղմթերքը արտահանվում է ՌԴ:
Ցավով նշեց՝ 5 տարի է՝ կառավարությանը խնդրում են՝ մորմազգու ցեցը վերացնել, որպեսզի Հայաստանի լոլիկը վերականգնվի:
«Ամեն ինչի համար գումար կա՝ բացի մորմազգու ցեցը: Մենք գյուղատնտեսություն չունենք: Մի քանի ֆերմեր-կարտոֆիլագործ է գնացել Ռուսաստան»,- եզրափակեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը: