Բաժիններ՝

Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները

Պետության կողմից Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը: Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում են ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 ուսանող: Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը: Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք, նույնպես, 1 կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս