Առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ. Նաիրի Սարգսյան. «Փաստ»
Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյոք իշխանություններին կհաջողվի՞ չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:
-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։
Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:
Այս ամենից բացի, նվազել են նաև արտահանումները: Արդյունքում՝ շահութահարկ ևս գրեթե չի գոյացել: Բացի այդ, շահութահարկը մուտք է արվում պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Այսինքն` 2021թ.-ին մուտք կլինի 2020-ի ժամանակ գեներացված շահութահարկը, որը փաստորեն չնչին գումար է կազմելու: Հաջորդը եկամտային հարկն է, որը գոյանում է աշխատավարձից, վարձակալական վճարներից և այլն, բայց պետք է հաշվի առնել, որ սովորաբար բիզնեսի գործունեության անկման ժամանակահատվածում, որպես կանոն՝ կատարվում են աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալական վճարների կրճատումներ:
Մնացած ծախսերը՝ հումքի ձեռբերում, հոսանքի, գազի վարձավճարներ, բիզնեսի ծախսերի տեսակարար կշռում մնում է նույնը: Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:
–Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:
– Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: