«Այսօր կա մեկ փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝  իմանալով պատերազմի արդյունքը, անշնորհակալ գործ է՝ գնահատել՝ արդյո՞ք հայկական կողմի որոշումը՝ Շուշի փախստականների վերադարձի հետ կապված, սխալ էր, թե՞ ոչ:

«Նույն տրամաբանությամբ Հայաստանի ղեկավարները կարող էին, չէ՞, Սարդարապատի ճակատամարտից առաջ որոշել, որ շանսերը շատ քիչ էին, և չկռվեին: Պատմության ընթացքում մենք պատերազմներում հաղթել ենք, պարտվել ենք: Այսօր կա մեկ փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ: Իմ գնահատականը հետևյալն է՝ եղել է իրավիճակ, երբ երաշխավորված կա՛մ պետք է կորցնեինք Շուշին, կա՛մ պայքարեինք դրա համար, և մենք պայքարել ենք դրա համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Հարցին՝ դիվանագիտական հարթակում տարած պարտության համար իշխանությունն իր մեղքի բաժինը չի՞ տեսնում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պատերազմի այսպիսի ելքը խոսում է այն մասին, որ մենք՝ որպես պետություն, ունենալով պետության բոլոր ինստիտուտները, փաստացի չենք կարողացել հաղթել: Արդյո՞ք ես իմ պատասխանատվությունը տեսնում եմ այս ամբողջ գործընթացի հետ կապված՝ այո»:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և այդ համատեքստում ճանապարհային կոմունիկացիաների ապաշրջափակմանն ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի հաստատմանը, Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ ընդհանուր առմամբ շարունակում է անհանգստացնող մնալ Ադրբեջանի հռետորաբանությունը, որը հաճախ ինքնահակասող է, այսինքն՝ տեղ-տեղ կարող են լինել կառուցողական հայտարարություններ, որին հաջորդում են ծայրահեղ ապակառուցողական  հայտարարությունները, նույնը կիրառելի է նաև Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների դեպքում:

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունները նույնպես ցույց են տալիս, որ, օրինակ, Թուրքիայի ղեկավարությունը, երբ հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումից,  առնվազն այդքան էլ հետևողական չէ իր հայտարարություններում: Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա այս գործընթացը դեռևս տեղի չի ունեցել: Այսինքն՝ հայտարարություն է ստորագրվել, ըստ որի՝ ստեղծվել է հանձնաժողով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, բնականաբար, միջավայրը, հռետորաբանությունը և Ադրբեջանի գործողություններն ազդելու են այդ գործընթացի արդյունավետ կամ ոչ արդյունավետ ընթացքի վրա, ինչը կիրառելի է  նաև ռազմագերիների վերադարձի համատեքստում»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս