«Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Շուշիի հետ կապված, ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել մամուլում ու ընդդիմադիր մի շարք գործիչների կողմից:

«Ընդհանրապես այդ հարց ու պատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը: Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 20-ի հայտարարությունը Շուշիի վերաբերյալ:

Ըստ նրա՝ վարչապետը բառացի ասել է հետևյալը, որ Արցախի առաջին պատերազմից առաջ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները:

«Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ խոսվում էր այն փախստականների մասին, որոնք մինչ 90-ականներն ապրել են անտեղ, որտեղ որ ապրել են: Այսինքն՝ վարչապետն ասել է, որ, եթե համաձայնվեր, որ փախստականները վերադառնային և սա էլ՝ այն պայմաններում, երբ չի ֆիքսվում Արցախի հարցի կարգավորման որևէ մեխանիզմ, ապա դա բերելու էր նրան, որ Շուշին անցնելու էր Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց էր ուղղում, որ 90 տոկոս ադրբեջանական բնակչությամբ  Շուշին հայկակա՞ն էր լինելու, ես կարծում եմ՝ ոչ: Ի դեպ, վարչապետն այդ առաջարկը մերժել է՝ ոչ թե ընդհանրապես, այլ, որ Շուշիի փախստականների վերադարձը տեղի ունենա կարգավիճակի հարցի ճշգրտման հետ համընթաց: Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ դրված է եղել փախստականների վերադարձի հարց, բայց այն կապված է եղել կարգավիճակի հանգուցալուծման հետ»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը:

168.am-ի դիտարկմանը՝ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ առաջարկել է՝ փախստականները վերադառնան Շուշի, սակայն այն մնա հայկական վերահսկողության ներքո, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ վարչապետը նաև դրա մասին է խոսել:

«Վարչապետը նաև պատմել է, որ ՌԴ նախագահին ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, և ՌԴ նախագահն ըմբռնումով է մոտեցել: Ես ասում եմ հետևյալ փաստարկները, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը չէր ճանաչելու Արցախի որևէ կարգավիճակ, այդ պայմանններում 90 տոկոս ադրբեջանցիներ ունեցող Շուշին հայկական վերահսկողության տակ չլինելու մեծագույն վտանգի առաջ էր կանգնելու»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս