Քաղաքական զսպվածության կոչը  Ջհանգիրյանի համար օրենք չէ

Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) իրենցքայլականներն ընտրում են բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ: Անկասկած,  նախկին զինվորական դատախազ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցուցակով Խորհրդարան անցած Գագիկ Ջհանգիրյանը կդառնա ԲԴԽ անդամ, որքան էլ որ գործընթացը հակասի օրենքի պահանջին:

Ի դեպ, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», չմասնակցեցին քննարկմանը, հարցուպատասխանի, ինչպես նաև հաջորդիվ Իվետա Տոնոյանն ու Տարոն Սիմոնյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու նաև քվեարկությանը:

Խիստ բարիդրացիական, կատակներով համեմված, միմյանց գովերգելու տրամաբանության մեջ էլ, ինչպես և ակնկալվում էր, սակայն զարմանալիորեն կիսադատարկ դահլիճում ընթացավ ողջ այդ «հանդեսը»:

Բոլոր հարցերին ու պատասխաններին չենք անդրադառնա անշուշտ, սակայն մի թեմա չենք կարող շրջանցել:

Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով, ի դեպ, Տնտեսագիտության և իրավագիտության (USEL) համալսարանի դասախոս է եղել, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան, աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հ/կ-ում, ղեկավարել Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ներկայումս էլ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, Գագիկ Ջհանգիրյանին հարց ուղղեց Մարտի 1-ի դատավարության վերաբերյալ՝ ցանկանալով ճշտել վերջինիս դիրքորոշումը՝ ըստ Ջուլհակյանի՝ շարունակ ձգձգվող դատավարության վերաբերյալ: Հատուկ ցանկացավ ճշտել, թե ինչ է անելու այդ հարցով արդեն ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Նկատենք, որ Մարտի 1-ի մասին հարց է ուղղվում մի մարդու, ով, ըստ էության, շահագրգիռ կողմ է, եղել է այդ գործով նախկինում դատապարտված, ունի ձևավորած անձնավորված որոշակի վերաբերմունք, և, քանի որ Գագիկ Ջհանգիրյանն իր մերձավոր շրջապատում «իրավունքի գուրուի» համարում ունի, ակնկալվում էր, որ վերջինս պետք է հրաժարվեր պատասխանել ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունեցող հարցի, բացահայտ քաղաքական ենթատեքստով՝ վկայակոչելով օրենքը, որը ԲԴԽ անդամին և անդամության թեկնածուին նույնպես, բնականաբար, կաշկանդում է քաղաքական հայտարարություններ անելու, գնահատականներ հնչեցնելու հարցում:

Էլ չենք խոսում այն մասին, որ Մարտի 1-ի դատավարությամբ արդարության վերականգնումից խոսում է մի պատգամավոր, ում քաղաքական ուժը հանձնել է Արցախի շուրջ 80 տոկոսը, հասել Հայաստանի սահմաններին՝ իրական սպառնալիք ստեղծելով երկրի համար, պետությունը սրընթաց հասցրել կործանման եզրին, չի կարողանում լուծել անգամ գերիների վերադարձի հարցը, բայց հրաժարվում է ստանձնել դրա քաղաքական և բարոյական պատասխանատվությունը:

Ինչևէ, հարցը հնչեց, տրվեց նաև պատասխանը, և իր խոսքի սկզբում Գագիկ Ջհանգիրյանը մասնավորապես ասաց, որ լիովին կիսում է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հնչեցրած մտահոգությունները, որովհետև դատավարության բուն նախապատրաստական փուլն ըստ էության ավարտված չէ, և բուն դատաքննություն չեն կարողանում մուտք գործել:

«Բացի բացարկի, կալանքից ազատման և այլ միջնորդություններից՝ որևէ այլ հարց չի քննարկվում, և դա, եթե ուշադիր հետևում ենք դատավարությանը, երևում է, որ պաշտպանական տակտիկա է: Թե ի՞նչ նպատակ են հետապնդում, ինձ թվում է, հասկանալի է, նույնիսկ պատասխանել չարժե, բայց դա աննորմալ երևույթ է, և ես չեմ հիշում գոնե 90-ական թթ. ի վեր, երբ եղել եմ այդ ոլորտում, որևէ դատաքննություն, որի նախապատրաստական փուլը գոնե 1-2 ամսից ավել տևի, էլ չեմ ասում՝ 1.5 տարի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ այստեղ լուրջ մտորելու տեղիք կա:

Նա նշեց, որ այս պահին չունի լուծում և չի կարող ասել, թե ինչ պետք է անել, և հատկապես Բարձրագույն դատական խորհուրդն ինչ պետք է անի, որ դա արագանա:

«Բայց որ գործընթացը չափից ավել արհեստական ձգձգվում է, հիմա բացարկների ու չգիտեմինչերի նոր շարք է սկսվել, ինձ թվում է՝ դա իրավունքի չարաշահում է, տվյալ դեպքում՝ պաշտպանության իրավունքի չարաշահում է: Ես հետևում եմ, դատարանը, մեղադրողները բարեխիղճ հանդուրժում են այդ բոլորը, բայց վաղուց էդ իրավունքի չարաշահման սահմանն անցել է, և պետք է դատաքննությունը սկսել»,- ասաց նախկին զինդատախազը:

Արձագանքելով՝ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ լիովին կիսում է Գագիկ Ջհանգիրյանի կարծիքն առ այն, որ սա իրավունքի չարաշահում է, և թե ինչո՞ւ է սա արվում, միասին եկան այն եզրակացության, որ դատարանն ունի գործիքակազմ՝ դրա դեմն առնելու համար:

«Օրինակ, իմ գործով նախապատրաստական փուլը մի օր է տևել, մի օր»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը՝ ակամա վերահաստատելով իր՝ այս գործում շահագրգիռ կողմ լինելու հանգամանքը:

Ծայրից ծայր քաղաքական հայտարարություններ ԱԺ բարձրագույն քաղաքական ամբիոնից հնչեցնող նախկին զինդատախազը վստահաբար գիտի, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին կետն ասում է՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հիմա, իհարկե, Գագիկ Ջհանգիրյանը կրկին կասի, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, կամ գուցե կհիշի, որ ինքը դեռ ԲԴԽ անդամ չէր այս հայտարարություններն անելիս, բայց փաստ է, որ նա խոսել է Մարտի 1-ի քաղաքական դատավարության մասին, մի գործի ու մի դատավարության, որում ինքը եթե ոչ դե յուրե, գոնե դե ֆակտո կողմ է:

Եվ սա՝ այն դեպքում, երբ ԲԴԽ անդամության մյուս թեկնածուն՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանն անգամ չպատասխանեց ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող հարցին՝ կա՞ն արդյոք վնգստացող դատավորներ:

«Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել: Ես իրավունք չունեմ քաղաքական հայտարարություններ մեկնաբանել»,- ասաց Դավիթ Խաչատուրյանը:

Տեսանյութեր

Լրահոս