«Միայն 100.000 դրամը դարձել է 300.000». Սերգեյ Ղահրամանյանը՝ ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերի մասին
Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Փոխվել է օրենքի վերնագիրը, այսուհետ այն կոչվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենք։
Օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`
- յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ
- յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ
- մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ
- մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ
- մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:
Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ սա «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքն է և սահմանվում է գումարի առավելագույն չափը, բայց ամեն համայնք կարող է ընտրել իր համայնքի գումարը, բայց առավելագույնը չպետք է գերազանցի:
«Հիմա ամեն օրվանը, ամսվանը չի փոխվել, միայն 100.000 դրամը դարձել է 300.000, և սա միայն Երևանում գործող ծառայողական ավտոկայանատեղիների հետ է կապված, որ տրամադրում են ֆիրմայի, առևտրային գործունեություն իրականացնողների, և այլն: Այդտեղ գինը 80.000-100.000 դրամ էր սահմանվում, սակայն կարելի է ասել, որ դա համայնքի համար է, և համայնքի բնակիչը պետք է շահեկան վիճակում լինի, ու եթե չի կարողանում նա մեքենա կայանել, տրասնպորտով է շարժվում, ու հավելյալ գումարը մի տեղից ուղղվում է մեկ այլ տեղ: Եվ 20 մետր տարածությունը, որ տրվում է որպես կայանատեղի, հիմա արդեն հնարավորություն ունեն տրամադրելու 250.000-300.000 դրամով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս տարի գների հետ կապված ոչինչ չի փոխվելու:
«Ամեն տարի համայնքի ավագանին բյուջե է հաստատում, ինչպես նաև տեղական վճարները, տուրքերը, և այս տարվանն արդեն հաստատվել է ու չի փոխվելու: Գներում էլ ոչինչ չի փոխվել: Օպերայի կայանատեղիում ժամը 300 դրամ էր, ու այն չի էլ փոխվել: Սա միայն հնարավորություն է ստեղծում, որ այս տարվա դեկտեմբերին հաջորդ տարվա համար հաստատվի: Կարծում եմ՝ Երևանի դեպքում 300.000 դրամը կօգտագործվի»,- նշեց նա: