ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:
«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,-ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը նաև կաշխատի Կոնգրեսի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, դաշնակիցները, գործընկերները` տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար:
Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Հայաստանին և էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից:
Ի պատասխան Բլինկենն ասել է. «Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ համատեղ ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը»:
Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ՝ ինչպե՞ս են նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում և աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ, որը կարտացոլի նաև հայերի շահերը:
«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերի` տառապանքներին վերջ տալու համար»,-ասել է նա:
Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք `երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:
Սենատոր Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե Բլինկենն ինչ տեսակետ ունի Ադրբեջանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման համատեքստում Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը»,-ասել է Բլինկենը: