ՀՀ-ում շնչառական վարակների ակտիվացում է նկատվում

Հայաստանում ընդհանուր սուր շնչառական վարակների հետ կապված արձանագրվել է միջին ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս իրավիճակը համահունչ է սեզոնին:

«Հիվանդացության ինտեսնիվ ցուցանիշը կազմել է 132, որը բարձր է նախորդ տարվա նույն շրջանի համեմատ: Եթե դիտարկենք տարիքային խմբերով, ապա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդացությունն աճել է 65-ից բարձր տարիքային խմբում: Ինչպես գիտենք, 65-ից բարձր տարիքայինը համարվում է ռիսկի խումբ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Ծանր սուր շնչառական վարակների հետ կապված՝ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ Հայաստանում, նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ ստացած տվյալների համաձայն, հիմնականում աճ է գրանցվել է 5-14, 15-29 և 65-ից բարձր տարեկանների շրջանում:

«Դա, թերևս, պայմանավորված է տոնական օրերով, երբ շփումներն ակտիվ են եղել: Հորդորում եմ բնակչությանը գրիպի բարդություններից խուսափելու համար դիմել պատվաստվելու: Ասեմ, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Ըստ միջազգային կառույցների առաջարկների՝ պատվաստումը կատարվում է առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցող անձինք, բուժաշխատողները և այլն: Պատվաստումներն անվճար են, ցանկացողները կարող են դիմել պոլիկլինիկաներ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով, մարդիկ բավական հետաքրրքված են, գալիս են պատվաստվելու: Մեկ անգամ ևս Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ կանխարգելման համար լավագույն միջոցառումը պատվաստումն է:

Հայաստանում ներդրված է սուր շնչառական վարակների, այդ թվում, ծանր սուր շնչառական վարակների դեպքային համաճարակաբանական հսկողության համակարգ: Բուժհիմնարկներից ստացվում են տվյալներ քաղաքացիների դիմելիության, հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի վերաբերյալ: Տվյալների վերլուծությունն իրականացվում է շաբաթական կտրվածքով:

Տեսանյութեր

Լրահոս