Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

Նա ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն: Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ՝ եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:

–Պարո՛ն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք քաղաքականությամμ զբաղվել եւ մտադրություն ունեք կուսակցություն հիմնելու: Տեղեկությունը ճի՞շտ է, արդյոք սկսելո՞ւ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այդ տեղեկությունը չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է:

Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:

Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:

Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու:
Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի:

Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:

-Պարո՛ն Դեմոյան, կա՞ կուսակցության կոնկրետ անուն որոշված: Պաշտոնապես գրանցե՞լ եք, եւ ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը:

-Այս պահին, որպեսզի ես ապահովեմ ժողովրդավարական սկզբունքը, ես չեմ ցանկացել նույնիսկ պարտադրել իմ ցանկացած անունը:

Որպես քաղաքական կրեդո՝ ես կարծում եմ, որ պետք է ունենա ազգային ուղղվածություն, չենք տարվելու, այսպես ասած, մոդայով, որը քայքայիչ ազդեցություն է գործում հասարակության վրա, ընդվզման ալիքի տեղիք է տալիս:

Մենք փորձելու ենք պահպանել ազգային արժեքները, այսինքն՝ կուսակցությունը դառնալու է մի գործիք, որով Հայաստանն իր մշակույթով, իր ներկայով եւ անցյալով ադապտացվելու է շատ արագ զարգացող աշխարհին:

Այո, մեր առջեւ բարդ խնդիրներ են դրվելու, որովհետեւ մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, ու կուսակցությունը պետք է փորձի հնարավորինս պահել այն կարեւոր միջուկը, որը եկել է դարերի խորքից, բայց այդ ավանդապաշտ լինելը կամ
«ազգային արժեքներ» արտահայտությունը, որը հիմա խորթ է ներկայիս իշխանությունների համար, խնդիր է դրվելու պահպանել այն, ինչ որ մնայուն է, այն, ինչ որ անհերքելի է, դրա հետ մեկտեղ կողմնորոշվենք եւ դառնանք համարշխարհային գործընթացների մասնակից:

–Պարո՛ն Դեմոյան, քանի որ իշխանություններն այժմ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արդյոք պատրաստվո՞ւմ եք Դուք նորաստեղծ կուսակցությունով մասնակից լինել ընտրություններին:

-Մենք մեր առջեւ սպորտային նպատակներ չենք դրել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն է հենց այդ կուսակցությունը կառուցելը:

Եթե մենք փորձենք ժամկետներ սահմանել մեզ համար, որ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա մենք խիստ սահմանափակում ենք մեր՝ հիմնարար կառույց ստեղծելու սկզբունք»:

Տեսանյութեր

Լրահոս