Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյանն ամփոփել է Արցախ այցի արդյունքները. Yerkir.am

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ. Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների արդյունքների ամփոփման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Yerkir.am-ը:

Ըստ նրա՝ հարցերի առաջին խումբն առնչվել է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ ֊ տնտեսական խնդիրներին։

«Մենք` իբրև Դաշնակցություն, մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- նշեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին պաշտպանել հայրենիքի սահմանները։

Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։

«ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին», – փաստեց Ի. Սաղաթելյանը։

Սոցիալ֊տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։

«Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ` հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ մշակված քայլերով»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Կորցնել Արցախը` նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու», – եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս