«Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենից անընդունելին լաչառությունն է». Ռոբերտ Քոչարյան
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստի ընթացքում Շուշիի հանձնման վերաբերյալ թեժ վիճաբանությունից հետո իր ելույթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Շուշիի հանձնելու պատճառներից է Շուշին ու Քարվաճառը ազատագրողներին դատելը, ապա անդրադարձավ երկրում մոտ մեկ տարի պահպանվող արտակարգ ու ռազմական դրություններին:
«Գիտե՞ք՝ ինձ մեղադրում եմ, մեխը մեղադրանքի արտակարգ դրություն մտցնելն է՝ 20 օրով, և սահմանափակումներն են մամուլի, և այլն, և այլն: Մոտ մեկ տարի է՝ մենք ապրում ենք կա՛մ արտակարգ դրության, կա՛մ ռազմական դրության պայմաններում: 2.5 ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն:
Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը: Մեկ անգամ դատախազությունն արձագանքե՞ց: Կես բառ ասացի՞ն: Սա նորմա՞լ եք համարում, հարգելի դատարան: Կամ՝ որևէ մեկն այս դահլիճում նստածներից սա նորմա՞լ է համարում:
Ես փորձում էի հասկանալ, թե հիմա ռազմական դրություն ինչի՞ համար է պետք, ո՞ւմ համար է, ի՞նչ սահմանափակումների համար է: Ռազմական դրություն պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս-ասում է՝ «էս տները պիտի ազատեք»: Եվ մեր սահմանը պահողը գյուղապետն է՝ իր մի քանի գյուղացիներով: Պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է: Ո՞վ է անում այս ֆունկցիան: Սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ մարտի 1-ին է տապալվել՝ 2008 թվականին: Կարո՞ղ եք ինձ բացատրել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Դատարանի դահլիճում ՀՀ երկրորդ նախագահը նշեց, թե նման կարգի մեղադրանքներ կարող է մեկ ժամ թվարկել, ու, որ դրանց ֆոնին իրեն առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, զավեշտալի:
«Չեմ ուզում այս ամեն ինչի մեջ մտնել, որովհետև պետականությունը վարկաբեկեցինք, մեր պետականությունը, և, գիտեք, այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացին»: Ավելի նվաստացած քաղաքացի ՀՀ-ն իր պատմության մեջ երբեք չի ունեցել: Եվ ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում որևէ տեղ: Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ, ռեստորան գնալ, որովհետև երբ մի ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են: Արագ դուրս են գալիս, մկան ծակը փնտրում են՝ մտնեն, որ չերևան: Եվ այս ամենի հիմքում, իսկ այս ամենը սկսվեց նաև այս քրեական գործից, եթե սա չենք հասկանում, ուրեմն այսպիսի նվաստացած վիճակում մնալու ենք»,- հավելեց նա:
Անդրադառնալով վիճաբանության ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանի պահվածքին՝ Ռ․ Քոչարյանը նշեց.
«Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենից անընդունելին լաչառությունն է, գոռգոռալն է: Բա՞ն եմ ասել, այո՛, մտածել եմ, ասել եմ: Կարող էր ընդմիջման ժամանակ մոտենար, ասեր՝ «պարոն նախագահ, ինչո՞ւ եք այսպես մտածում»: Նորմալ, հանգիստ կզրուցեինք: Էս ի՞նչ պահվածք էր: Հասկանո՞ւմ եք՝ սա, չգիտեմ, ուղղակի իմ ուղեղի մեջ չի տեղավորվում նաև այս աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը: Եվ դա գիտե՞ք՝ որտեղից է գալիս, որովհետև մենք այս երկրում ունենք N1 լաչառ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում