Պուտինը բացահայտեց Նիկոլ Փաշինյանին

Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։

Տեղեկությունը հրապարակել է ոչ թե ադրբեջանական կողմը՝ բացահայտելով Հայաստանի ղեկավարի բարոյական նկարագիրը, այլ Կրեմլը՝ իրեն ենթակա հեռուստաընկերության միջոցով։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների կողմից այլևս այդքան սիրելի դարձած Վլադիմիր Պուտինը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թերևս առաջին հերթին՝ հայ հասարակությանը ցույց տալով, թե ով է իրականում իր երկրի ղեկավարը։ Իսկ այն, որ Ալիևի հետ հաց կիսելը դուրս է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական, որքան՝ մարդկային բարոյականությունից, Պուտինն իր խոսնակների միջոցով չի բարձրաձայնել՝ հետևությունը թողնելով հայ հասարակությանը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաց է կիսել այն երկրի ղեկավարի հետ, ով ավելի քան 5000 հայորդիների սպանությունից հետո, այսօր էլ հարյուրից ավելի հայ գերիների ոչ միայն հացից է զրկում, այլ ամենայն մարդկայինից։

Ընդ որում, եթե փաստաթուղթ ստորագրելու դեպքում խիստ վերապահումներով կարելի է գոնե քննարկել թեզը, թե Փաշինյանը քաղաքականապես այնքան թույլ էր, որ չէր կարող հրաժարվել դրանից, ապա ճաշի մասնակցելու դեպքում այդ փաստարկը չի գործում։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ստորագրել փաստաթուղթը ու գլխիկոր հեռանալ՝ հրաժարվելով ճաշին մասնակցությունից, եթե անգամ հրավերը բխել է Պուտինից։ Վերջինս վստահաբար բազմապատիկ ավելի կհարգեր Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, քան մասնակցությունը սեփական քաղաքացիների արյամբ թաթախված Ալիևի հետ ճաշկերույթին։ Բայց մերժումների րաբունի Նիկոլ Փաշինյանն այդ մերժումը չի արել՝ ցույց տալով, որ զուրկ է ոչ միայն քաղաքական, այլ նաև ամենապարզ մարդկային բարոյականությունից։

Ընդհանրապես, Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում հետևողականորեն պղծվել են առանցքային բոլոր արժեքները՝ հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը․․․ դրանց ավելացավ նաև հայերի համար սրբություն համարվող հացը։ Դա հնարավոր է դարձել, որովհետև Նիկոլ Փաշինյանը տեսել ու համոզվել է, որ հայ ժողովուրդը ներում է ամեն ինչ, այդ թվում՝ սրբությունների պղծումը։

Ներվող պղծությունն ավելի պիղծ է դարձնում պղծողին։

Տեսանյութեր

Լրահոս