
Երազել եմ մայր դառնալ, սակայն բժիշկները թույլ չտվեցին. 30-ամյա Հայկանուշին բուժման համար գումար է անհրաժեշտ

Գյումրեցի 30-ամյա Հայկանուշ Մանուկյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց պատճառով բժիշկներն արգելել են երեխա ունենալ:
«Ապրում ենք վարձով, տան միակ աշխատողն ամուսինս է (վուլկանիզացիայում է աշխատում), մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին՝ Հադրութում, ունի առողջական խնդիրներ: Ունեմ երիկամի, ողնաշարի խնդիր, խպիպ: Գումարի բացակայության պատճառով չեմ կարողանում բուժվել: Պետք է ողնաշարս վիրահատեն, իսկ անընդհատ ձգձգման պատճառով արդեն չեմ կարողանում քայլել: Երազել եմ մայր դառնալ, սակայն բժիշկները թույլ չտվեցին երեխա ունենալ, դիմել եմ որդեգրման համար, սակայն ասացին, որ՝ տուն չունեք, երեխա չենք կարող տալ: Ողնաշարիս համար բուժում էին նշանակել, դա էլ չկարողացա անցնել, ասացին՝ հակառակ դեպքում հետագայում սայլակին եք նստելու»,- 168.am-ին պատմեց նա:
Երիտասարդ ընտանիքն ունի նաև հագուստի, սննդի կարիք, չեն կարողանում վճարել նաև տան վարձն ու կոմունալ վճարները:
«Ես տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ հավաքարար էլ եմ աշխատել, տներում էլ եմ գործ արել, սակայն հիմա հիվանդությունների պատճառով չեմ կարողանում: Ողնաշարիս բուժման համար 120.000 դրամ էին ուզել, չունեի, որ տանեի, ու բուժումս չկարողացա շարունակել»,- հավելեց Հայկանուշը:
Ընտանիքին աջակցելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 093916194: