Կարգավիճակի հարցը կլուծվի նույնքան հեշտ, որքան արագ կիրականացվեն հավաստիացումները, որ գլխավորը ներկայումս այն համայնքների կյանքի կարգավորումն է, որոնք Ղարաբաղում համակեցությամբ բնակվել են և պետք է վերականգնեն իրենց համակեցությունը. Լավրով

«Մենք պատրաստ կլինենք աջակցել որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին:

Լավրովն ասաց, որ կարգավիճակի հարցը հիշատակված չէ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, դա արված է մտածված: Նրա որակմամբ, տարածքը, որտեղ տեղակայվել են ռուսական խաղաղապահներ, հանդիսանում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի, և հենց դրանից է ելնում Մոսկվան Երևանի և Բաքվի հետ իր կոնտակտներում: Իսկ հիմա, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, մշակվում են դետալներ, նրբություններ՝ կապված տրանսպորտային հաղորդակցությունների կազմակերպման հետ:

Լավրովը տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 9-ից հետո Ղարաբաղ է վերադարձել 50.000 հայ:

Լավրովը պարզաբանեց, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն իրենից հակասական հարց է ներկայացնում, եթե դիտարկենք Երևանի և Բաքվի մոտեցումները, ուստի լուծվեց հարցը երեք ղեկավարների որոշմամբ՝ շրջանցել, թողնել այն հետոյի՝ ապագայի:

Նրա խոսքով, դրանով պետք է զբաղվեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նրանք ներկայումս վերականգնել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան, սակայն կարգավիճակի հարցն այնքան հեշտորեն է լուծվելու, որքան արագ հողի վրա իրականացվելու են հավաստիացումները, որոնք հնչել են թե Բաքվից, և թե Երևանից այն մասին, որ գլխավորը ներկայումս ամենօրյա կյանքի կարգավորումն է բոլոր համայնքների՝ էթնիկական և կրոնական, որոնք Ղարաբաղում համակեցությամբ բնակվել են և պետք է վերականգնեն իրենց խաղաղ և բարիդրացիական համակեցությունը:

Ինչ վերաբերում է Էկզոտիկ առաջարկին՝ Ղարաբաղը մտցնել ՌԴ կազմ, Լավրովն ասաց, որ որքան ինքն է հասկանում՝ ԼՂ անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի կողմից, այդ թվում՝ ՀՀ-ի կողմից , ՌԴ-ն նույնիսկ մոտ նման մտքեր չունի:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է որոշվեն այստեղ գտնվող կողմերի միջև, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք պատրաստ կլինենք աջակցել նման որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- եզրափակեց կարգավիճակի թեման ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս