Պաշտպանության նախարարը, լրագրողներին տեսնելով, վերելակից դուրս չեկավ
Պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպման էր «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպումն ընթանում էր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում:
Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ներկա էր նաև իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որն ավելի շուտ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից դուրս եկավ:
Լրագրողների փորձեցին Վաղարշակ Հարությունյանին մի քանի հարց ուղղել, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի առնչությամբ, սակայն վերջինս սենյակից դուրս գալուց անմիջապես հետո, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ վերելակ՝ մեկ հարկ ներքև իջնելու, այնուհետև ճանապարհն աստիճաններով իջնելու համար, սակայն լրագրողներին տեսնելուց հետո վերելակից դուրս չեկավ, իսկ արդեն ներքևում դուրս գալուց անմիջապես հետո նստեց մեքենան: Լրագրողները խնդրեցին մեկ րոպե տրամադրել հարցերին պատասխանելու համար, սակայն վերջինս լրագրողների խնդրանքը թողեց անարձագանք և անմիջապես հեռացավ: