Հայաստանը երբեք այսպիսի բռնապետական միջավայրում չի եղել. Գևորգ Պետրոսյան

«Ես շատ մեծ հարգանք ունեմ մեր ԱԱԾ-ի նկատմամբ, բայց պետք է քննադատեմ: Պետք է գնալ այս հայտարարությունների հետքերով: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն, եթե Հայաստանում չեք ուզում ընտանիք կազմել, երեխա ունենալ, ուրիշները կանե՞ն: Բա մեր ԱԱԾ-ն ի՞նչ է մտածում սրա մասին,- խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով,- Ընդհանրապես Սինանյանը ճիշտ կանի՝ եթեր դուրս չգա: Ամեն անգամ մի խայտառակ բան հեղինակում է, հետո յուրայիններն ընկնում են հերքելու հետևից»:

Հիշեցնենք, Զարեհ Սինանյանը գրել էր. «Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում ՝ այլազգիները դա կանեն»:

Պատգամավորն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի զարգացման ծրագրի մասին խոսքին՝ ասելով.

«Արա, այ տղա, քեզ անգամ Սյունիք չթողեցին մտնես, դու ո՞նց կարող ես խոսել տարածաշրջանի զարգացման մասին: Քանի որ անշահախնդիր, անկեղծ սեր ունի փողի հանդեպ՝ ուզում է Սյունիքի ժողովրդին կաշառել: Եթե քեզ չեն թողնում Սյունիք մտնես՝ ի՞նչ ծրագիր ես դու այնտեղ իրականացնելու: Կարո՞ղ է ուղղաթիռով պետք է իջնես, մի ծրագիր իրականացնես՝ փախչես: Փաշինյանի գործողություններից ակնհայտորեն երևում է, որ ընդհանրապես չի գործում ՀՀ շահերից: Որևէ քայլ չի անում, որով կապացուցի, որ ՀՀ վարչապետն է: Հայաստանի շահերից ընդհանրապես չի գործում»:

Որպես դասախոս՝ Գևորգ Պետրոսյանը խոսեց նաև ուսումնական հաստատությունների մասին՝ նշելով. «Ուսումնական հաստատությունները լրիվ պարալիզացված են. ոչ դաս կա, ոչ դասախոսություն: Zoom ա, ինչ ա, ոչ էլ դա կա: Ինչո՞ւ պետք է ուսման վարձը թանկացնել: Օրը մի հիմնարկություն ես լուծարում, դու ուսանողի ծնողին ապահովո՞ւմ ես աշխատանքով, որ ուսման վարձ ես բարձրացնում: Ո՞վ է տալու այս հարցի պատասխանը»:

Պատգամավորն անդրադարձավ նաև անհետ կորածների հարցին:

«Երեխադ համալսարանից 2 ժամ ուշ է գալիս՝ 5 անգամ զանգում ես, բա մարդ կա՝ երեխայից 3 ամիս է՝ խաբար չէ, ասում է՝ խնդրում եմ, գոնե դիակը բերեք՝ թաղեմ, արա բա դու դրանից հետո հելել ես, ասում ես՝ շատ լավ է, նորմալ է, Թուրքիայի հետ ծրագիր ենք իրականացնում: Բա պետական դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում: Նիկոլ Փաշինյան, դու 21-րդ դարի գլխավոր պետական դավաճանն ես, ցավոք սրտի՝ հայ ազգի ներկայացուցիչ: Չխախտելով օրենքները՝ պետք է անցնենք կտրուկ քայլերի: Գոյություն ունի ապստամբության իրավունք: եթե Նիկոլ Փաշինյանի նման մեկը եկել է սահմանադրություն խախտելով, սահմանադրական կարգը տապալելով, և պահում է իր իշխանությունը, կներեք, ո՞վ է ասել, որ ժողովուրդն իրավունք չունի նույնպիսի վարքագիծ դրսևորել: Սրանք մենակ մի բան գիտեն՝ մենք լեգիտիմ ենք, մինչև 2023 թիվը պետք է նստենք: Չի լինելու նման բան: Դուք շատ շուտ վտարվելու եք, նաև դատվելու եք: Ես չեմ ընդունում «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը: Ոչ, Հայաստանը պետք է ունենա Նիկոլ, ու նա արևին պետք է նայի վանդակաճաղերից, որ դա դաս լինի ամեն մի սրիկա, բախտախնդիր և ազգի հավատը չարաշահող անձի համար, որ եթե հավատով քեզ վստահություն են տվել՝ դա չմսխես»,- նշեց նա:

Պատգամավորը խոսեց նաև որոշ հեռուստաընկերությունների մասին՝ ասելով.

«Ե՞րբ է եղել, որ միաժամանակ 3-4 հեռուստաընկերության չթողնեն հեռարձակվի: Բոլոր օբյեկտիվ լրատվամիջոցներին սպառնում է արգելափակումը: Հայաստանը երբեք այսպիսի բռնապետական միջավայրում չի եղել: Նիկոլ Փաշինյան, երկիրդ ինչքան ներսից թուլացնես՝ արտաքինում խոցելի ես դառնալու»:

Տեսանյութեր

Լրահոս