Միքայել Մինասյանը խոսում է մի բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է մեկ այլ բան. ընդ որում, Թուրքիան չի հերքել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ փաստաթուղթ հրապարակեց, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է եղել, բացահայտվելուց հետո սկսել է ծառայել նաև ՀՀ ԱԱԾ-ին՝ դառնալով երկակի գործակալ: Հրապարակումը հերքեցին և՛ ԱԱԾ-ն, և՛ անձամբ Արարատ Միրզոյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդեց, որ ԱԱԾ-ն բոլորովին էլ չի հերքել Մինասյանի պնդումը:
«Միքայել Մինասյանն Արարատ Միրզոյանի հետ կապված հրապարակել է մի փաստաթուղթ, որն ասում է, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԱԾ գործակալ է, ի՞նչ է ասում ԱԱԾ-ն, ասում է՝ «պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»: «Հատուկ ծառայություններ»-ը Միրզոյանի նամակում շեշտվում է հետևյալ կերպ՝ «օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում»: ԱԱԾ-ն չի հերքում, որ այս փաստաթուղթն իրական է, չի ասում, որ ՀՀ ԱԱԾ կողմից նրան հավաքագրելու փաստաթուղթը կեղծ է, չի ասում դա: Ստացվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է: Սա նախադեպը չունեցող փաստաթուղթ է, կամ շատ խելոք մտածել են ԱԱԾ-ում և գրել են մի փաստաթուղթ, որով ասում են՝ հարգարժան Միքայել Մինասյան, մենք քո փաստաթուղթը չենք հերքում, բայց քանի որ մեզ պարտադրել են, որ ինչ-որ բան գրենք, որ նա Թուրքիայի գործակալ չի, մենք գրում ենք սենց մի հայտարարություն: Ոչ մի օրգանական կապ չունեն այս հայտարարությունները: Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ՀՀ ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան»,- ասաց Իսագուլյանը:
Նրան զարմացնում է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը այլ երկրի գործակալ կարող է լինել:
«Թուրքիայի հատուկ ծառայությունները դա չեն հերքում, շատ արագ պետք է հերքեին, ասեին` Ձեր ԱԺ նախագահը մեր հատուկ ծառայությունների հետ գործ չունի, Թուրքիան չի հերքում, մեր ԱԱԾ-ն է հերքում»,- ասաց նա:
Նկատելով, որ Միքայել Մինասյանի կողքին թղթապանակ էր դրված, Իսագուլյանն ասաց, որ այդպիսի թղթապանակներ կան նաև մի շարք այլ անձանց մասին:
«Այս թղթապանակից կա Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Լիլիթ Մակունցի, Լենա Նազարյանի, Արմեն Գրիգորյանի, Ասյա Խաչատրյանի, Դավիթ Սանասարյանի, Սաքունցի և մի շարք այլ մարդկանց վերաբերյալ»,- ասաց նա: