«Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել Հայաստանի շահերը». Պատգամավոր
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով սեփական դիմումի համաձայն՝ դուրս էր եկել «Իմ քայլը» խմբակցությունից, կողմ է իշխանության հեռանալուն, սակայն չի սատարում ընդդիմությանը:
Նրա պատկերացմամբ՝ այս պահին Հայաստանում պետք է գործի միջանկյալ կառավարություն՝ «տեխնոկրատների կառավարություն»:
«Ես կոնկրետ մարդկանց անուններ չեմ նշի, բայց վստահ եմ, որ նրանք ի հայտ կգան, անհատների անուններ չեմ տալիս, որովհետև այս պահին չեմ տեսնում այդ մարդկանց, որոնք կարող են ձևավորել տեխնոկրատների կառավարություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ հայկական օրակարգում այսօր առաջին տեղում պետք է լինեն հայ ռազմագերիներին Ադրբեջանից վերադարձնելու և Արցախի կարգավիճակի հարցերը, նաև՝ ՀՀ սահմանների անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ Սյունիքի մարզի:
«Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել Հայաստանի շահերը: Այս համատեքստում, կարծում եմ՝ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունք ապահովելու»,- հավելեց նա:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Իմ քայլից» դուրս է եկել, քանի որ նախկին իշխանությունների հետ է համագործակցում, Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ կուսակցական չէ, որևէ նախկին իշանության հետ չի համագործակցում:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ինչը, նրանց բնորոշմամբ՝ քաղաքական հետապնդում է, Աննա Գրիգորյանը նշեց, որ գործերի մանրամասներին տեղյակ չէ. «Մեր բոլոր համայնքապետերն էլ նվիրված են Սյունիքին, անկեղծ՝ չէի ուզենա այդտեղ քաղաքական ենթատեքստ տեսնել»,- հավելեց պատգամավորը:
Նա հերքեց նաև այն խոսակցությունները, թե իր ընտանիքի անդամներից որևէ մեկն աշխատում է Զանզեզուրի գործարանում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում