Գործակալական ցանցի բացահայտումը սխալ է. վստահ եմ՝ սա հրապարակելուց առաջ Միքայել Մինասյանը երկար է մտածել. Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսում պնդեց, որ պետք չէ բացասական վերաբերմունք ունենալ գործակալների նկատմամբ, որովհետև որոշ գործակալների աշխատանքի վրա հիմնվում են պետությունները, սակայն գործակալները տարբեր են լինում: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը անցած շաբաթ փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է, սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ նաև Հայաստանի: Իսագուլյանի խոսքով՝ ստորագրությամբ երկու տեսակի գործակալներ կան: Ծանոթ լինելով ԱԱԾ աշխատանքին և վերլուծելով Արարատ Միրզոյանի ստորագրած թուղթը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պատմեց, թե ինչպես դա կարող է տեղի ունեցած լինել:

«ԱԱԾ-ն հայտնաբերել է, օրինակ, որ ինչ-որ մեկը ՀՀ-ից ծառայում է օտարերկրյա հատուկ ծառայություններում, դա ֆիքսում են, փաստերով, անպայման արձանագրում են, կանչում են էդ մարդուն, ասում են՝ ահա, տղա ջան,  դու համագործակցում ես թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, հիմա դու՝ որպես հայրենիքի դավաճան, կարող ես դատվել, բայց եթե դու համաձայնվես համագործակցել մեզ հետ և աշխատել իրենց հետ, բայց ամբողջ աշխատանքի հետ կապված ինֆորմացիան փոխանցես մեզ, ապա մենք քեզ չենք դատում, դու տալիս ես գրություն, որ համագործակցում ես մեզ հետ, և այդ պարագայում դու խնդիր չես ունենա»,- ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ լինում է նաև հակառակը, երբ որևէ հայի օտար երկրում առաջարկում են համագործակցել այդ երկրի հատուկ ծառայությունների հետ, ինքն էլ գալիս, կամ ինչ-որ կերպ կապվում է մեր ԱԱԾ աշխատակցիների հետ և ասում է, որ իրեն նման առաջարկ է եղել, ու խորհուրդ է հարցնում: Հայաստանի ԱԱԾ-ն էլ ասում է, որ համագործակցի, սակայն իրենց տեղյակ պահի մանրամասների մասին:

«Այս մարդիկ անգնահատելի մարդիկ են, որոնք հետագայում դառնում են այն հայտնի հետախույզները, որոնց հետ պետությունը մեծ հույսեր է կապում, և որոնք կարևորագույն ինֆորմացիան են բերում մեր պետությանը»,- ասաց Իսագուլյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է Միքայել Մինասյանը որոշել բացահայտել Արարատ Միրզոյանի գործակալ լինելը, Գառնիկ Իսագուլյանն ասաց.

«Ես վստահ եմ, որ մարդ, ով ունի պետական մտածողություն, երբեք չի անի այն, ինչ, օրինակ՝ տվյալ պարագայում արել է Միքայել Մինասյանը, որովհետև գործակալական ցանցի բացահայտումը բավականին ոչ ազգային գործունեություն է: Բայց ի՞նչ է արել Միքայել Մինասյանը, եկեք նայենք: Նա ասում է, որ 2005-2007 թվականներին Արարատ Միրզոյանը ծառայել է Թուրքիայի հատուկ ծառայություններում, այսինքն՝ սպասարկել է, կամ գործակալ է եղել, և մինչև 2007 թ.  նրա վրա հավաքվել է այն դոսյեն, իրեն կանչել են, ասել են, որ՝ մեր ձեռքը կա այս փաստաթուղթը, ուրեմն մենք քեզ առաջարկում ենք կա՛մ դու շպիոն ես, մենք քեզ դատում ենք, կամ համաձայնում ես մեզ հետ համագործակցել, և այդ պարագայում մենք քեզ ոչինչ չենք անում: Վստահ եմ, որ Միքայել Մինասյանն այս թուղթը հրապարակելուց առաջ շատ երկար է մտածել, շատ երկար, բայց տեսել է մի երևույթ: Արցախյան պատերազմը խայտառակ տանուլ տալուց հետո տեսել է, որ, ցավոք սրտի, Հայաստանի բարձր իշխանությունը՝ ի թիվս առաջին դեմք Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի,  բոլոր առկա փաստերով կատարել է դավաճանական գործունեություն, և ըստ էության Արցախը ծախել է թուրքերին, որոշել է գնալ այս քայլին, բացահայտել Արարատ Միրզոյանի ինքնությունը: Եթե մարդիկ հետևել են իմ մամուլի ասուլիսներին, ապա գիտեն 48 մլն-ի պատմությունը, ես ասել եմ, որ Հայաստանում 2018 թ.-ի պետական հեղաշրջումը կատարվել է Թուրքիայի և Ադրբեջանի փողերով, և այդ փողերը Թիֆլիսում Ամերիկայի դեսպանատան միջնորդությամբ ովքեր են ստացել, տեղափոխել Հայաստան, ում տանն են սմարթֆոններ բաժանվել 10 հազար, որտեղ են ստեղծվել տասնապետերը, հարյուրապետերը, հազարապետերը: Հիմա ես ուղղակի կարող եմ ողջունել այս պարագայում Միքայել Մինասյանի համարձակ քայլը, որովհետև ինքը հանրությանն ի ցույց դրեց այն փաստն ու ապացույցը, որի մասին  ես 2 տարուց ավելի խոսում եմ: Մինասյանն ինքը չի համարում, որ իր գործունեությունը բացարձակ ճիշտ է, բայց չի էլ համարում, որ սխալ է, ինչի համար, որովհետև պարզ երևում է, որ հայաստանյան վերնախավն, ըստ էության, տարբեր պետությունների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված  գործակալական մի համախումբ է, որը եթե մինչև պատերազմը և սրանում դավաճանական պարտության տանելը՝ կարող էր համարվել ինչ-որ բան, ապա հիմա որևէ մեկի մոտ կասկած չկա, որ, ցավոք սրտի, այդ վերնախավը մնաց ծառայելու այն իշխանություններին, ում առաջին գործակալական հավաստագիրը տվել է»,- ասաց Իսագուլյանը և պնդեց, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվելուց հետո էլ շարունակել է ծառայել Թուրքիայի հատուկ ծառայություններին:

Ինչ վերաբերում է հրապարակված փաստաթղթի իրական կամ կեղծ լինելուն, Իսագուլյանն ասաց,

«Մինասյանը ոչ մեկին ոչ մի բանում չի մեղադրում, առաջարկում է ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել: Շատերն ասում են, որ աշխարհում գոյություն ունեն տիեզերանավային կամպյուտերներ, բայց աշխարհում դեռևս չկա մի մեխանիզմ, որ կարողանա մարդու ձեռագիրը կեղծել այնպես, որ դա համապատասխան մասնագետները չկարողանան տարբերակել: Մի մոռացեք, որ կա նաև մի ուրիշ համակարգիչ, որին երբ տալիս ես ձեռագիրը և կոմպյուտերի կողմից նրա ձեռագրով արվածը, ասում է՝ սա օրիգինա՞լն է, թե՞ սարքած է: Եթե կա մի բան, կա նաև հակառակը»,- ասաց Իսագուլյանը:

Տեսանյութեր

Լրահոս