Նիկոլ Փաշինյան․ պատահականությունը

Ընդունված է համարել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Դա ճիշտ է քաղաքականության առկայության պարագայում։ Բայց դեգրադացված կամ անկատար քաղաքական համակարգ ունեցող երկրներում իրականում պատահականություն է կատարվող ամենայնը։ Հենց այդպիսի պատահականություն էր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Դա դեգրադացված կամ անկատար քաղաքական համակարգում տեղի ունեցած խոշոր, բայց այդուհանդերձ, պատահականություն էր, քանի որ նորմալ, առողջ քաղաքական համակարգի առկայության դեպքում ապաքաղաքական էլեմենտը, ինչպիսին որ էր ու է՛ Նիկոլ Փաշինյանը՝ իր տեսակով, չէր կարող իշխանության գալ։

Բայց եղավ այն, ինչ եղավ, ու իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ կյանքում հնարավոր են պատահականություններ, հասկացավ նաև, որ իր կյանքի այդ ամենամեծ պատահականության համար պարտական է քաղաքական համակարգի դեգրադացվածությանը կամ չգոյությանը։

Հենց այդ պատճառով արդեն իշխանության ավելի քան երկուսուկես տարիներին նա արեց առավելագույնը՝ քաղաքական համակարգը ոչ միայն դեգրադացված պահելու, այլ է՛լ ավելի դեգրադացնելու համար։ Իզմերի բացակայության մասին հայտարարությունից մինչև հասարակությանը սևերի-սպիտակների բաժանում, դատավորների վնգստացումից մինչև բոլոր ընդդիմախոսներին որպես նախկիններ պիտակավորում, բոլոր այդ քայլերի իրական նպատակն էր՝ թույլ չտալ իրենից բացի որևէ այլ քաղաքական միավորի կայացումը։

Իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանը գրեթե կատարելապես ապաքաղաքականացրեց Հայաստանը, ինչի արդյունքում գործնականում քաղաքականությունը դադարեց լինել որպես հանրային պետական կյանքի կազմակերպման մեխանիզմ։ Այդպիսով, քաղաքական համակարգի դիսֆունկցիայի արդյունքում տեղի ունեցած պատահականությունը, որին ճոռոմաբար թավշյա հեղափոխություն են կոչում, Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացիան հասցրեց կատարելության։

Եվ հենց դրա շնորհիվ էլ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ու դեռ հաջողվում է իշխանություն պահպանել նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո, այն դեպքում, երբ նորմալ քաղաքական համակարգի առկայության պարագայում կապիտուլյացիայի ստորագրումից հետո նա իշխանությունից կհեռացվեր հաշված ժամերի կամ օրերի ընթացքում։ Բայց դեգրադացված քաղաքական համակարգի պատճառով Նիկոլ Փաշինյանի հեռացման բևեռ դարձավ այսօրվա հրապարակի հարթակը, որն ավելի շատ բացակայում է հրապարակից, այդուհանդերձ՝ իրենով զբաղեցրած պահելով հրապարակը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանին, ի թիվս այլ հակապետական քայլերի, հաջողվել է քաղաքականությունը սպանել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև փողոցում։

Նիկոլ Փաշինյանը պատահականություն էր՝ որպես քաղաքականության իմիտացիայով զբաղվող ապաքաղաքական երևույթ։ Նա արեց այնպես, որ Հայաստանում պատահականությունները դառնան օրինաչափություն։

Գլոբալ առումով նա Հայաստանը վերածեց պատահական երկրի, որի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկացած պատահական երևույթի։ Որովհետև հայ հասարակությունը հանդուրժեց ու հանդուրժում է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ Հայաստանին պարտադրված ողբերգական պատահականությունը։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս