«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր տանեմ, տուն-տեղ չունենք». Հադրութցի
Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից հոկտեմբերի 17-ին դուրս եկած Ալվարդ Զելյանի 6 հոգանոց ընտանիքը ժամանակավոր բնակվում է Վանաձորի մանկատանը:
Տիկին Ալվարդն ասում է` ապագան մշուշոտ է, չգիտեն, թե ո՞ւր են գնալու և ի՞նչ են անելու:
«Գյուղից դուրս գալուց միայն անձնագրերն ենք հասցրել վերցնել, ու ամեն մեկը՝ իր մեկ ձեռք հագուստը: Աղջիկս էլ Շուշիից է, 4 օր առաջ ծննդաբերել է, սպիտակեղենի, լողացնելու հարմարանքի, տակդիրների անհրաժեշտություն կա: Համայնքապետարանը սնունդով օգնում է, աջակցության ծրագրերից մեկից օգտվել ու տաք հագուստ ենք ձեռք բերել, կոշիկ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ալվարդ Զելյանը:
Ասում է՝ կուզեր վերադառնային Արցախ, բայց չգիտի՝ ուր:
«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր տանեմ: Տուն-տեղ չունենք: Ամեն ինչ թողել ենք, անգամ տան գրքույկը չենք վերցրել: Աղջիկս, նրա սկեսրոջ ընտանիքը Շուշիում են իրենց տները կորցրել, իմ, ամուսնուս հայրական տները ևս կորցրել ենք, եղբորս տունը՝ նույնպես: 5 տուն կորցրել ենք, հիմա ես ո՞ւր գնամ, ո՞ւմ տուն գնամ: Առանց աշխատանքի գնամ Արցախ՝ ոնց ապրեմ: Այնտեղ փեսաս ինչքան փնտրել է, տուն չի գտել: Մեկ սենյականոց տան վարձը 150.000 դրամ է: Չունենք աշխատանք ոչ ես, ոչ ամուսինս, ոչ աղջիկս»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ եթե Հադրութը հետ վերադարձնեն՝ իրենք անպայման կգնան, կապրեն իրենց գյուղում:
Ընտանիքին կարող եք աջակցել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 097133440: