«Քանի դեռ նախկին ԼՂԻՄ տարածքում Արցախի տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, և արցախահայությունն ունի էքզիստենցիալ անվտանգության խնդիր՝ Արցախի հարցը չի համարվում լուծված». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է ասել, թե Արցախի հարցի հետ կապված բանակցային գործընթացն ինչ ժամկետներում կարող է վերականգնվել։ Ավելին՝ տարբեր կողմերից եկող ազդակներն ու հրապարակումները ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է միտված լինի քաղաքական լուծում գտնելուն։

«Ի վերջո, վերջին պատերազմի ընթացքում, անկախ Ադրբեջանի  ձեռքբերումներից, Արցախի հարցը չի լուծվել, և խնդիրը չի ստացել քաղաքական լուծում։ Ինչպես մենք նշել ենք, այդ խնդիրն ըստ էության ռազմական լուծում չի կարող ունենալ, սակայն Ադրբեջանը գնաց ռազմական ճանապարհով, փորձեց դա ապացուցել, սակայն, մեծ հաշվով, խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Քանի դեռ Արցախը չունի կարգավիճակ, քանի դեռ նախկին ԼՂԻՄ տարածքում Արցախի տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, և արցախահայությունն ունի էքզիստենցիալ անվտանգության խնդիր՝ Արցախի հարցը չի համարվում լուծված։  Այսօր ռուս խաղաղապահներն Արցախում են, որպեսզի պաշտպանեն արցախահայության անվտանգությունը»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Պատասխանելով հարցին՝ բանակացային գործընթացի վերականգնման դեպքում ո՞րը պետք է լինի հայկական կողմի օրակարգը, Տաթևիկ Հայրապետյանը հղում կատարեց դեռևս նախորդ տարի ԵԱՀԿ-ում ՀՀ արտգործնախարարի հայտարարությանը, որտեղ հստակ նշվել են այն օրակարգային կետերը, որոնցով Հայաստանն առաջ է գնալու։

«Հետևողականորեն Հայաստանն այդ իր քաղաքականությունը շարունակելու է։ Մենք մեր երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր ունենք, և դա լուծելու համար շարունակելու ենք տարբեր ուղղություններով լուրջ աշխատանքներ տանել»,- հավելեց Տ. Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս