ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ է: Այդ մասին հաղորդել է տեղական KATV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին:
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, Փիթեր Ֆրանսիս Սթեգերի ինքնությունը պարզվել է ծեծելու տեսանյութը Twitter-ում հրապարակվելուց հետո: Տեսանյութերից մեկում պատկերված է, թե ինչպես է Սթեգերը Վաշինգտոնի ոստիկանության աշխատակցին մի քանի անգամ հարվածում ամերիկյան դրոշի ձողով, ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցը պառկած է գետնին: Անկարգությունների մասնակիցները ոստիկանության աշխատակցին քարշ էին տալիս Կապիտոլիումի աստիճաններով, դեմքով ներքեւ տապալել էին գետնին եւ հարվածներ էին հասցնում գլխին ու իրանին: Ոստիկանի անունը չի բացահայտվում:
«Բոլորը, ովքեր գտնվում են այնտեղ (Կապիտոլիում շենքում), մատնիչներ են, որոնք դավաճանել են երկիրը»,-Սթեգերն ասում է տեսանյութերից մեկում: Մարդկանցից մեկը, որը տեսանյութում ճանաչել է Սթեգերին, իշխանություններին հայտնել է, որ նրա հետ խոսել է անկարգություններց հետո: Սթեգերը խոսակցության ընթացքում հայտարարել է, որ ոստիկանին շփոթել է ծայրահեղ ձախ շարժման մասնակցի հետ, թեեւ աշխատակիցը համազգեստով է եղել: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Սթեգերը ձերբակալվել է եւ դատարանի առջեւ կկանգնի հունվարի 15-ին: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել:
Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: