Նիկոլ Փաշինյան․ ուսապարկը
Նախկին հանցավոր կուսակցություններից մեկից փոխառնված Նիկոլ Փաշինյանի ներկա կուսակցության մարիոնետներից մեկն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին համեմատել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ՝ այդ համեմատության մեջ նախապատվություն տալով ուսապարկին։ Այդ մարիոնետին կամ նրան հանձնարարողին թվացել է, թե այդ համեմատությամբ նսեմացվում են «Իմ քայլից» հեռացած պատգամավորները, մինչդեռ իրականությունն այն է, որ դա առաջին հերթին «Իմ քայլ»-ում մնացածներին ուղղված հայհոյանք է, բայց դա հայհոյանք է՝ ուղղված նաև Նիկոլ Փաշինյանի սիրելի ժողովրդի ու նույն Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Սույն մետաֆորիստը, ահա, չի հասկացել, կամ, որ ավելի վատ է, հասկացել ու իր համեմատությամբ արձանագրել է, որ պառլամենտական երկիր Հայաստանում իշխանությունը պատկանում է ուսապարկերի հավաքածուին, կամ չի պատկանում ոչ մեկին, բացի ուսապարկերի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, հավաքական ուսապարկ է, համենայնդեպս՝ ըստ ալեգորիկ այդ կուսակցախոսնակի։ Վերջինիս համեմատությունն իշխանության որևէ այլ ներկայացուցչի կողմից չի հերքվել, չի հերքվել նաև համեմատության օբյեկտների՝ իշխող խմբակցության պատգամավորների կողմից, ովքեր լռելյայն համաձայնել են սեփական դատավճռի՝ իրենց անձերը ուսապարկից ցածր դատելու իշխանական իմպերատիվի հետ։
Ստացվում է, մեղմ ասած, տհաճ, իսկ ավելի ճիշտ՝ նողկալի պատկեր՝ ինչպես էսթետիկական, այնպես էլ՝ քաղաքական առումով։ Հայաստանում իշխում է կուսակցություն, որի կարծիքով՝ հազարամյա հայ ժողովրդի ընտրությունը կանգ է առել ուսապարկերի վրա, մյուս կողմից՝ այդքան թմբկահարվող իշխանության լեգիտիմությունը դառնում է ֆարս, քանի որ ստացվում է՝ հասարակությունն ընտրել է ոչ թե իշխանության առաջնային մանդատ կրող ներկայացուցչական մարմնի անդամների, այլ Նիկոլ Փաշինյանի արտապատկերում համարվող 88 անուն-ազգանուն ունեցող շնչավորների։
Իրականում այս սյուրռելիստական պատմությունը հաղորդում է հանցագործության մասին, խոստովանություն առ այն, որ 2018 թվականի ընտրությունները ծայրից ծայր կեղծվել են՝ եթե ոչ ընտրական ակտի, ապա՝ բովանդակության առումով․ հասարակությանը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի անձը, և մարդիկ ընտրել են նրան, ոչ թե պառլամենտի անդամների։ Այսինքն՝ խորհրդարանն ամբողջությամբ ոչ լեգիտիմ է, հետևաբար՝ լեգիտիմ չէ նաև նրա ընտրած վարչապետը՝ 88 ուսապարկերի հավաքական ուսապարկը։
Հարություն Ավետիսյան