«Միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ․ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը». Արա Այվազյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները: Այդ անդրադարձը հրապարակվել է  ՌԴ ԱԳՆ կայքէջում:

Ի. Պոպովն ասել է, որ Ռուսաստանը երբեք չի ասել, որ տարածքները պետք է վերադարձնեն՝ առանց ԼՂՀ կարգավիճակի:

Այսօր խորհրդարանում լրագրողներն Արտաքին գործերրի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեցին, թե իրականում ո՞վ է ապատեղեկատվություն տարածում՝ Ի․ Պոպո՞վը, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հայտարարությանը և պետք է նշեմ, որ, ինչպես գիտեք, ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ  Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը»,- նշեց Արա Այվազյանը:

Ըստ արտգործնախարարի, նոյեմբերի 9-ի հայտարարությունը կազանյան փաստաթուղթ չէ, այլ զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը չի կարող համարվել կարգավորված, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապե՝ս ինքնորոշման, կարգավիճակի հարցը:

Այս համատեքստում Արա Այվազյանը նաև ընդգծեց համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ին ընդունված հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա կատարվող կարգավորումը:

«Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները և ուրիշի մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից: Ես ուղղակի շեշտում եմ, որ կարգավորման հիմնական տարրը եղել է: Վարչապետն ասել է այն, ինչ ասել է, Պոպովը մեկնաբանել է: Վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից, ես չեմ մեկնաբանում նրա գրածը, նա ուրիշ բաներ էլ է ասել: Եկեք չկենտրոնանանք մեկնաբանությունների վրա, մեզ համար կարգավիճակը եղել է ու կմնա կարգավորման հիմնական տարրը»,- եզրափակեց Արա Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս