
Կառավարությունը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ հիմնավորման, հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառում վերջին տարիների զարգացումները, տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև նպատակ ունենալով նախանշել և մեկտեղել էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ուղենիշները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը):
«2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը:
Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:
Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները»,- ասված է հիմնավորման մեջ: