Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:
«Տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման, բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում:
Ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրվարձի սակագնի բարձրացման առնչությամբ։ Ընդգծել են նաև, որ դիմել են լիազոր մարնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը, և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու նշված երթուղիներում մրցույթի պայմանները։
«Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումը վերացնելու համար։ Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ նույնությամբ թողնելու վերաբերյալ, ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով։ Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման»,- նշված է հայտարարությունում:
Բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ընկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ։
Տեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ նմանատիպ բնույթի խախտումները բացառելու նպատակով։