«Մակրոնը փորձում է համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցի միասնական լուծման պահպանումը». Մուրադ Փափազյան
Պուտին-Փաշինյան-Ալիև հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր հանդիպման հետ կապված մի շարք հարցեր:
Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին:
Արդյոք կարելի՞ է ասել, որ Մակրոնը Արցախի հարցում մտնում է խաղի մեջ, 168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լինի միակը:
«Մակրոնը ցանկանում է և փորձում համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցի միասնական լուծման պահպանումը: Մակրոնը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հստակ լինի՝ դեպի անկախություն, և, որ պետք է այն ճանաչի միջազգային համայնքը: Ըստ Մակրոնի՝ որոշ տարածքների մասին, որ Ադրբեջանն ուժով է գրավել, ոչ թե օրինական մեթոդներով՝ խախտելով հրադադարը, պետք է նորից խոսվի: Իսկ ընդհանրապես պետք է քաջալերել ֆրանս-ռուսական համագործակցությունը»,- նշեց նա: