Նոր Նորքում երկու երիտասարդի են դանակահարել
Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին երկու ահազանգ ստացվեց: Մի հիվանդանոցից հայտնում էին, որ կոնքազդրի կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել էր անծանոթ անձը:
Մյուս ահազանգը մեկ այլ հիվանդանոցից էր. որովայնի կտրած-ծակած վերքով 27-ամյա տղամարդու էին բուժհաստատություն տեղափոխել, որը վնասվածքը դարձյալ Նոր Նորքում էր ստացել՝ իբր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ Գայի արձանի հարևանությամբ մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նոր Նորքի 5-րդ զանգվածում բնակվող 27-ամյա տղամարդը, որն իբր ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել, իրականում դանակահարել էր 23-ամյա երիտասարդին, նրա ընկերն էլ, որ Մոլդովական փողոցի 19-ամյա բնակիչ է, 27-ամյա տղամարդուն էր դանակահարել։
Բացատրական աշխատանքի արդյունքում 19-ամյա երիտասարդը հունվարի 10-ին ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Վնասվածքներ էին ստացել նաև վիճաբանության այլ մասնակիցներ։ Հանգամանքները պարզվում են։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։