Արգելված նյութերի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ներմուծումը կամ արտահանման գործունեությունը կիրականացվի միայն լիցենզիաների առկայության դեպքում. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացության տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Հիշեցնենք, որ այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, հանձնաժողովը դրական քվեարկեց, որպեսզի այն ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ և ընդունվի երկրորդ ընթերցմամբ։
Ներկայացնելով նախագիծը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախագծով ոչ թե նոր լիազորություններ են տրվում կամ դրանք սատարվում՝ թմրամիջոցների շրջանառության հետ կապված, այլ հակառակը՝ հնարավորություն է ընձեռվում թմրամիջոցների շրջանառման ողջ ցիկլն ունենալ խիստ կարգավորման հետ։
«Այսինքն՝ ունենալ լիցենզավորված գործունեություն, ինչը նպաստում է ավելի վերահսկողական մեխանիզմների կիրառման և դրանք ավելի ճիշտ կազմակերպման համար։ Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում գիտական, փորձագիտական լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումը թույլատրել միայն լիցենզավորման ընթացքում»,- ասաց Առողջապահության փոխնախարարը։